Տիգրան Ավինյանը կշարունակի մնալ «Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ընդգրկված չէ «Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակում, սակայն պահպանում է կուսակցության վարչության անդամի կարգավիճակը: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում:

«Որոշում եմ կայացրել, որ առաջիկա ընտրություններում մեր կուսակցության նախընտրական ցուցակում չեմ լինելու: Դրանով հանդերձ՝ պահպանում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամի կարգավիճակը` հորդորելով ընտրություններում քվեարկել մեր կուսակցության օգտին:

Սա է այն ընտրությունը, որն ապահովելու է մեր երկրի ժողովրդավարության անշրջելիությունն ու ինքնիշխանության պահպանումը, ինչը կենսական կարևորություն ունի մեր պետության հետագա զարգացման համար: Նախընտրական ցուցակում չընդգրկվելու պատճառների մասին կխոսեմ ընտրություններից հետո՝ առայժմ միայն հավելելով, որ այս փուլում առավել նպատակահարմար եմ համարում կենտրոնանալ ՀՀ փոխվարչապետի պարտականությունների կատարման վրա»:

Հիշեցնենք` ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ավինյանը չի մասնակցելու ընտրություններին: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը այսօր նաև տեղեկացրել էր, որ «Իմ քայլի» որոշ պատգամավորներ ևս չեն մասնակցելու առաջիկա ընտրություններին: