Էրդողանն ու նրա շրջապատը կանգնած են «Արմագեդոն»-ի առջեւ, ասում են թուրք վերլուծաբանները․ VOA

Թուրքիայի կառավարությունը զինում եւ նավթ է գնում Սիրիայի ջիհադիստներից: Այս մասին է յություբյան իր էջում պարբերաբար տեղեկացնում Թուրքիայից վտարված մաֆիայի առաջնորդ Սեդաթ Փեքերը: Իր հաղորդումներում նա նաեւ մանրամասնորեն բացատրում է, թե ինչպես են նախագահ Էրդողանի օգնականները ղեկավարում այդ ցանցը, գրում է Ամերիկայի ձայնը։

Փեքերը, որը ժամանակին սերտ կապեր ու հարաբերություններ է ունեցել Թուրքիայի առաջնորդների հետ, սկսել է ամեն կիրակի օր հաղորդումներ հեռարձակել յություբյան ալիքով այն բանից հետո, երբ ստիպված էր եղել փախուստի դիմել Թուրքիայից:

Ինչպես վերլուծաբան Աթիլլա Եսիլադան է ասում, մաֆիայի ղեկավարի հետեւորդների թիվը գրանցում է կայուն աճ:

‘’Նրա յուրաքանչյուր տեսագրություն դիտում է մոտ հինգ միլիոն մարդ: Թուրքիայում այսօր գրեթե բոլորը գիտեն նրան ու նրա ասածները’’, ասում է վերլուծաբանը եւ շեշտում ամենակարեւոր հանգամանքն այն մասին, որ Փեքերը բացել է արտադատական սպանությունների մասին 1990-ականների տեղեկագրերը:

Փեքերը դատապարտում է ներքին գործերի նախկին նախարար Մեհմեդ Աղային, նրան անվանում ‘’խորը պետություն’’ անվանումը կրող ստվերային կազմակերպության ղեկավար, կազմակերպություն, որը կրում է այդ տարիներին հայտնի լրագրողների սպանությունների պատասխանատվությունը: Աղան սերտ կապեր ունի Էրդողանի հետ: Նրա որդին` Թոլգան խորհրդարանի անդամ է իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունից:

Աղան իհարկե հերքում է իր դեմ հնչող մեղադրանքները: Իսկ Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունից Էրոլ Օնդեօղլուն հայտարարում է, որ հարկավոր է սկսել խորհրդարանական հետաքննություն: Սակայն դա հնարավոր չի համարում Էրդողանի իշխանության ներքո: Չէ որ Էրդողանը նույնպես հերքում է հնչող մեղադրանքները եւ դրանք համարում իրեն ‘’ասպարեզից հանելու նպատակ ունեցող միջազգային դավադրության մի մաս’’:

Փեքերի մեղադրանքները հասնում են նաեւ Էրդողանի ամենամոտ աջակիցներից նախկին վարչապետ Բինալի Յիլդիրիմի որդուն, որը ըստ նրա, իրականացնում է կոկաինի անօրինական առեւտուր` Թուրքիան վերածելով դեպի Եվրոպա կոկաին արտահանող գլխավոր հանգույցի:

Վերլուծաբանները հիշեցնում են քաղաքական փոթորիկները հանդարտեցնելու Էրդողանի փոձառության մասին: Սակայն Եսիլադան առանձնացնում է մի հանգամանք, որ Թուրքիան այսօր գտնվում է տնտեսական ճգնաժամի կենտրոնում, երբ հասարակական հարցումների արդյունքում Էրդողանը ստանում է իր անցած տարիների ամենացածր վարկանիշը:

‘’Իսկ սրանք խոսում են այն մասին որ մոտենում է Էրդողանի Ամագեդոնը’’, ասում նա, նկատի ունենալով Էրդողանի վերջը: ‘’Պարզապես հրաշք պետք է տեղի ունենա, որպեսզի Փեքերի հայտնած տեղեկություններից հետո վերականգնվի Էրդողանի վարկանիշը’’, ասում է նա:

Իսկ Փեքերը խոստանում է հեռարձակել նոր հաղորդումներ ՅուԹյուբով, որոնք, նրա խոսքերով, բացահայտելու են նոր գաղտնիքներ, տեղեկություններ, որոնք ինքը հավաքել է իշխող կուսակցության ներքին շրջանակներում երկու տասնամյակ գտնվելու տարիներին:

Մաֆիայի այս առաջնորդի համար, վրեժն այլեւս սառը մատուցվող ուտելիք չէ: Այն փաստերի վրա հիմնված մեղադրանքների մասին վեպ է` յություբյան հարթակում:

Իսկ այս հարթակում մաֆիայի ղեկավարի հետեւորդների թիվն ամեն օր է գրանցում կայուն աճ: