Հայաստանում հարցվածների գերակշիռ մասը՝ 49 տոկոսը, անվստահ է, չի հավատում բարեփոխումներին և ունի վախեր ապագայի նկատմամբ

Հայաստանի իշխանություններին 2020-ի սեպտեմբերի 27-ի 44-օրյա պատերազմից 8 ամիս անց չի հաջողվել ապահովության զգացում առաջացնել Հայաստանի հանրության շրջանում, մարդիկ ապրում են ապատիայի, անհանգստության ու հիասթափության մեջ: Նման պատկեր է արձանագրվել ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող Միջազգային հանրապետական ինստիտուտի հրապարակած սոցիոլոգիական հարցման արդյունքներով:

Պատերազմից հետո նոյեմբերի 18-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզի 15 կետերից մեկն էլ հանրության հոգեբանական համակարգի վերականգնումն էր: Սակայն հետպատերազմյան քաղաքական խոր ճգնաժամը, այժմ էլ՝ նախընտրական լարվածությունը, միմյանց հասցեին հնչող վիրավորանքն ու ոչ կառուցողական մթնոլորտը ամենևին չեն տրամադրում հոգեբանական համակարգի վերականգմանը:

Այսպես՝ ըստ հարցման արդյունքների, հարցվածների մեծ մասը՝ 29 տոկոսը, խոր անվստահություն ունի և չի հավատում որևէ բարեփոխման, 20 տոկոսը անպաշտպան է զգում իրեն, վախեր ունի ապագայի նկատմամբ:

Հարվածների 22 տոկոսը, հակառակը, հավատով է լցված ապագայի նկատմամբ, իսկ 15 տոկոսը կարծում է, որ, այդուհանդերձ, ապագան որոշակորեն լավ կլինի:

Հարցվածների 9 տոկոսը ապատիայի մեջ է, իսկ 5 տոկոսը դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել հարցին՝ ինչպես են գնահատում Հայաստանի հասարակության շրջանում այժմ գերակշռող տրամադրությունը:

Ավելին, հարցվածների մեծ մասը՝ 27 տոկոսը, ասել է, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում իրավիճակը չի փոխվի, իսկ 22 տոկոսն էլ ասել է, որ իրավիճակը դեռ կվատանա: Հարցվածների 33 տոկոսը, այդուհանդերձ, որոշակի փոփոխությունների հույս ունի:

Նշենք, որ հարցումն իրականացվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի Խոր վերլուծության կենտրոնի պատվերով՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ – Հայաստան հիմնադրամի կողմից: Հետազոտության տվյալները հավաքվել են 2021 թ. ապրիլի 8-ից մայիսի 4-ի միջակայքում:

Հարցման ընտրանքը կազմել է 1502 մարդ: Հայաստանի 5 մարզերում՝ Արարատում, Գեղարքունիքում, Շիրակում, Սյունիքում և Տավուշում, անցկացվել են 299 լրացուցիչ հարցազրույցներ՝ մարզային առանձնահատկությունները ներկայացնելու համար: Հարցումն անցկացվել է հեռախոսային զանգերի միջոցով՝ պատահական ընտրանքով: Հետազոտություն իրականացնողները նշում են, որ վիճակագրական սխալի չափը չի գերազանցում 2.5 տոկոսը: