Մերկ տղամարդու մասնակցությամբ տեսանյութը 2020 թվականի է.ՄԻՊ

Ոստիկանության բաժնում մերկ տղամարդու մասնակցությամբ այսօր  համացանցում հայտնված տեսանյութի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին։

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ տեղի է ունեցել քննարկում Ոստիկանության Արաբկիրի բաժնի ղեկավար կազմի հետ։

Նույնականացվել է տեսանյութում երևացող անձը, ստուգվել են նրա վերաբերյալ Ոստիկանության բաժնում առկա փաստաթղթերը։

«Պարզվել է, որ տեսանյութն արվել է 2020 թվականի սեպտեմբերի 12-ին։ Մասնավորապես, այդ օրը ժամը 22։00-ի սահմաններում Ոստիկանության բաժին բնակիչներից ահազանգեր են ստացվել այն մասին, որ մի տղամարդ մերկ վիճակում կանգնել է փողոցում և գոռգոռում է։

Ահազանգերի կապակցությամբ Ոստիկանության ծառայողները մոտեցել են քաղաքացուն և նրան ներկայացրել բաժին։

Ոստիկանության բաժնում քաղաքացին հայտնել է, որ ունի հոգեկան առողջության խնդիրներ», – ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ։

Այնուհետև, Ոստիկանության բաժին է հրավիրվել շտապօգնության բրիգադ և քաղաքացուն տեղափոխել Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է մերկ տղամարդը ոստիկանության բաժնի միջանցքում տեղից տեղ գնում, ներկաներն էլ փորձում են կանխել նրա մուտքը սենյակներ ու ասում՝ «հերթապահին ասեք, թող գժի էկիպաժ կանչի»։