67-ամյա հիվանդը ԲԿ էր տեղափոխվել մարմնի կտրած-ծակած բազմաթիվ վերքերով և արյան կորստով

Արտաշատի բժշկական կենտրոնից հայտնում են․

Արտաշատի բժշկական կենտրոնում օրեր առաջ ծայրահեղ ծանր կլինիկական դեպքը դրական ելքով է ավարտվել:

67-ամյա հիվանդը մեր ԲԿ էր տեղափոխվել մարմնի տարբեր շրջանների կտրած-ծակած բազմաթիվ վերքերով և խիստ արտահայտված արյան կորստով:

Մեր հմուտ թիմի համագործակցված ու պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ փրկել հիվանդի կյանքը: Վերջինիս մոտ ախտորոշվել էր կրծավանդակի ձախ կեսի թափանցող կտրած-ծակած վերք՝ ձախ թոքի միջանցիկ և սրտի ձախ նախասրտի չթափանցող վնասվածքներով, հեմոպնևոթորաքս՝ ձախից, 6-րդ կողի կոտրվածք ձախից , մարմնի տարբեր շրջանների կտրած-ծակած չթափանցող թվով 20 վերքերով, աջ դաստակի 5-րդ մատի ծալիչ ջլերի վնասում, արտաքին արյունահոսություն, փափուկ հյուսվածքների սալջարդ, միզապարկի բութ վնասվածք, միզապարկի մասնակի տամպոնադա, մակրոհեմատուրիա, հեմոռագիկ և հիպովոլեմիկ շոկ՝ 3-րդ աստիճանի:Հիվանդը վիրահատվել է անհետաձգելի կարգով:

Կատարվեց թորակոտոմիա /կրծքավանդակի հատում/: Վիրահատության ընթացքում պարզվեց, որ պլևրալ խոռոչում և սրտապարկում առկա է արյուն: Կորուստը՝ մոտ 2 լիտր: Առկա է սրտի և թոքի վնասում:

Հատվեց սրտապարկը՝ կանխելով սրտի տամպոնադան, վերականգնվեց թոքային հյուսվածքի ամբողջականությունը: Վիրահատությունից հետո ծայրահեղ հիվանդը ծանր վիճակում տեղափոխվեց վերակենդանացման բաժանմունք, որտեղ անցկացված ինտենսիվ թերապիայից հետո, 5-րդ օրը տեղափոխվեց վիրահատական բաժանմունք: Իսկ արդեն 10-րդ օրը դուրս գրվեց բավարար վիճակում:

Շնորհակալություն ենք հայտնում մեր մեր հմուտ բուժաշխատակիցներին՝ Վիրաբուժական բաժանմունքի վարիչ Կարեն Հակոբյանին, ասիստենտ՝ Էմիլ Հակոբյանին, ուրոլոգ Գարիկ Համբարձումյանին և անեսթեզիոլոգ Դավիթ Մարկոսյանին, Վերկենդանացման և Արյան փոխներարկման բաժանմունքների վարիչներ Տիգրան Վիրաբյանին և Աննա Մարգարյանին, բաժանմունքների աշխատակիցներին: