Շիրակի մարզի մարզական կազմակերպություններին կհատկացվի որոշակի քանակով մարզագույք

Շիրակի մարզի մարզական կազմակերպություններին կհատկացվի որոշակի քանակով մարզագույք: Ինչպես տեղեկացնում է  «Արմենպրես»-ը՝  այս մասին  տեղեկացրեց  երկօրյա այցով Շիրակի մարզում գտնվող  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրակությունը՝  նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի գլխավորությամբ։

 Այցի շրջանակներում պատվիրակությունն  այցելեց Գյումրիում, Արթիկում, Մարալիկում և Ախուրյանում գործող՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, համայնքապետարանների և մարզական հասարակական կազմակերպությունների ենթակայությամբ գործող մարզական կազմակերպություններ, տեղերում ծանոթացավ պայմաններին, զրուցեց մարզիչների և մարզիկների հետ։

 Կարեն Գիլոյանը Շիրակի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանի ուղեկցությամբ եղավ նաև օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցման համար տրամադրված տարածքում, որտեղ արդեն մեկնարկել են հողային աշխատանքները։

Գյումրու շախմատի մարզադպրոցում մարզի սպորտի բնագավառի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում անդրադարձ կատարեց մարզական բազում հաջողությունների և ձեռքբերումների կողքին առկա հիմնահարցերին, որոնք վերաբերում են մարզչական ցածր դրույքաչափերին, մարզիչ-մանկավարժների սոցիալական փաթեթից չօգտվելուն, սպորտային բժշկության կենտրոնի բացակայությանը, հանրակրթական դպրոցների մարզադահլիճներին, ժամանակակից մարզագույգի պակասին, ձմեռային շրջանում մարզադահլիճների ջեռուցման դժվարություններին և այլն։

Նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը պատասխանեց ներկաների հարցերին՝ կապված նաև բարձրակարգ մարզիկներին ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տալու, մարզական վաշտի ստեղծման, հանրապետական առաջնությունների և մարզական զանգվածային միջոցառումների անցկացման, ինչպես նաև սպորտի ոլորտի օրենսդրական դաշտում առկա բացթողումների հետ։

Նա ներկայացրեց խնդիրների լուծման ուղղությամբ նախարարության կողմից արդեն իսկ իրականացված աշխատանքները։ Հանդիպման ավարտին նախարարի տեղակալը նշեվ, որ մոտ օրերին Շիրակի մարզի մարզական կազմակերպություններին կհատկացվի որոշակի քանակով մարզագույք։