Հարավում գրկաբաց ընդունում են տեղահանված ընտանիքներին. առօրյան ու խնդիրները

Պատերազմից հետո Ասկերանի շրջանի Հարավ համայնքի բոլոր բնակիչները վերադարձել են գյուղ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հարավ համայնքի ղեկավար Անդրանիկ Ղազարյանը:

Նրա խոսքով՝ հարավցիները սկսել են ապրել իրենց բնականոն կյանքով: Պատերազմի ընթացքում գյուղը վնասներ չի կրել: Գյուղում վերաբնակեցվել է ութ ընտանիք Շուշիի, Ասկերանի, Հադրութի շրջաններից, ևս հինգ բնակարան վերանորոգվում է, որպեսզի տրամադրվի տեղահանված ընտանիքներին:

«2020 թվականի դեկտեմբերի 1-ից արդեն վերաբացվել է գյուղի դպրոցը: Դպրոցում սովորում է 37 աշակերտ: Մանկապարտեզն ունի 19 սան: Ունենք գործող բուժկետ, ակումբ: Համայնքապետարանի շենքը շատ հին է. վերանորոգման կարիք ունի: Գյուղը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով»,֊ տեղեկացրել է գյուղապետը և կարևորել ջրամատակարարման խնդրի լուծումը:

«Ունենք ջրամատակարարման խնդիր. օրվա ընթացքում ջուր ստանում ենք երկու ժամով»,- ասել է մեր զրուցակիցը:

Խոսելով զբաղվածության մասին՝ Ա. Ղազարյանը նշել է, որ գյուղն ունի քարի արտադրամաս, և բնակչության մեծամասնությունն այնտեղ է աշխատում, և միայն շատ քիչ մասն է զբաղվում անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ ու բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ: