«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին արված իր առաջարկի իրագործումը` Հայաստան-Ադրբեջան սահմանային իրադրության լարվածության թոթափման նպատակով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փաշինյանն այս մասին հայտարարել է Մեծ Մանթաշ համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ:
«Պատրաստ ենք ցանկացած պահի սկսել առաջարկի իրագործումը: Առաջարկի էությունը հետևյալն է. քանի որ Ադրբեջանն ասում է, որ իրենք քարտեզներ ունեն և խնդիրը սահմանային ճշգրտման մեջ է, մենք առաջարկում ենք, որ երկու կողմը (Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը – խմբ.) հայելային եղանակով հետ քաշեն զորքերը, սահմանային գծի երկայնքով կանգնեն ռուս սահմանապահները և նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներգրավմամբ սկսենք սահմանային գծի ճշգրտման աշխատանքները Սոթք-Խոզնավար հատվածում»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը հայկական կողմի համար մերժելի չէ:
«Շատերը փորձում են այդ բառերով վախեցնել, լարվածություն մտցնել: Ուրեմն այդպիսի երկիր չկա, որ նման անհրաժեշտության առաջ չի կանգնել: Այսինքն`ցանկացած անկախ երկիր ինչ-որ մի պահի պետք է այդ խնդրի առաջ կանգի: Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ նախորդ օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր ԱՄՆ-ն հայտարարություն է արել, որ պատրաստ է փորձագիտական աջակցություն ցուցաբերել սահմանի դեմարկացիայի և դելիմիատացիայի աշխատանքներին, միևնույն ժամանակ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացի լիարժեք վերականգնման անհրաժեշտությունը»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը վստահեցնում է, որ Հայաստանի համար խաղաղ դարաշրջան ստեղծելը չի նշանակում, որ դա պետք է արվի Հայաստանի և Արցախի շահերը զոհաբերելու հաշվին:
«Մեկը մյուսին չի հակասում, ընդհակառակը՝ մեկը մյուսին լրացնում է»,- եզրափակեց Փաշինյանը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստան-Ադրբեջան սահմանային իրադրության լարվածության թոթափման նպատակով մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկել է Սոթք-Խոզնավար հատվածում հետ քաշել և հայկական, և ադրբեջանական զինուժը, տանել մշտական տեղակայման վայրեր, տեղակայել միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանի Դաշնության կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների ներգրավմամբ: