Հայաստանի մասին Ալիևի վարչակարգը սեփական հանրությանը ներկայացրել է քարոզչական հեքիաթներ և հիմա կանգնած է փաստի առաջ․ Արևելագետ

«Մեդիալաբի» հարցազրույցը արևելագետ Արմեն Պետրոսյանի հետ

– Պարո՛ն Պետրոսյան, ի՞նչ էր երեկ կատարվում Բաքվում։ Մենք տեսանք տասնյակ հազարավոր մարդկանց հավաք, ի՞նչ էր նրանց պահանջը։

– Ադրբեջանի Հանրապետության համար հատկապես կորոնավիրուսի համավարակի պայմաններում իշխանությունների կողմից արտոնված եզակի հավաք էր։ Այս հանգամանքը հիմք է տալիս պնդելու, որ նման հավաքը կազմակերպված էր հենց Ադրբեջանի իշխանությունների կողմից։

Դրա նպատակն էր և՛ ներքին, և՛ արտաքին լսարանին ցույց տալ ադրբեջանական հասարակության տրամադրվածությունը ռազմական դաշտում զարգացումների, ինչպես նաև արցախյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացների նկատմամբ։ Հավաքի մասնակիցները այդ քայլով աջակցություն են հայտնել ադրբեջանական բանակին։

Հետագա զարգացումները ցույց տվեցին, որ խնդիրը շատ ավելի խորքային է, քան այն, ինչ ցանկանում էին ցուցադրել Ադրբեջանի իշխանությունները։ Այն հակահայկականությունը, հայատյացությունը, որ տասնամյակներ շարունակ քարոզել է ալիևյան վարչակարգը՝ դրանով իսկ ապահովելով սեփական կենսունակությունը, տեսանք, որ խորքային բնույթ ունի Ադրբեջանի հասարակության մեջ, այսօր կարող է սպառնալ նույն այդ վարչակարգին։

Փաստացի, ադրբեջանական հասարակության ակնկալիքը սեփական իշխանություններից և այդ իշխանությունների ծրագրերը անհամապատասխան են։ Հասարակությունը կամ գոնե դրա մի մասը իշխանություններից պահանջում է կոնկրետ գործողություններ, արդյունքներ, որը այսօր չի կարող ապահովել Ալիևի վարչակարգը։

Դրա պատճառն այն է, որ մինչ այժմ Ալիևի իշխանությունների կողմից սեփական զինված ուժերի կենսունակության և հայկական զինված ուժերի, հայ հասարակության վերաբերյալ ներկայացված քարոզչությունը պարզապես հեքիաթ է եղել, և այսօր Ադրբեջանի իշխանությունը կանգնած է փաստի առաջ։

Այդ սին թեզերով փաստացի երկար տարիներ կերակրվել է Ադրբեջանի հասարակությունը։

– Դուք ասացիք՝ եզակի հավաք էր, կազմակերպվա՞ծ էր, թե՞ ինքնաբուխ։

– Ո՛չ, եղել է կազմակերպված և իշխանությունների կողմից արտոնված։ Իսկ մինչ այդ, հատկապես վերջին տարիների ընթացքում, մենք շատ ենք տեսել, որ Ադրբեջանի իշխանությունները ամեն կերպ փորձել են խոչընդոտել հատկապես ընդդիմադիր խմբերի նախաձեռնած տարբեր հավաքներ, այն էլ այն պայմաններում, երբ կորոնավիրուսի վարակ չկար, և կուտակումները վտանգավոր չէին։ Իսկ այս պայմաններում, երբ վարակի վտանգ կա, ու հավաքն արտոնվածէր, ցույց է տալիս, որ կոնկրետ տեղից կազմակերպված էր, ուղղորդված։

– Ի՞նչ կարգախոսներ էին հնչում Բաքվում, և արդյոք միայն Բաքվում էին այդ հավաքները։

– Մի քանի շրջաններում նման հավաքներ կազմակերպվել են, ավելին, եղել են արտոնված, ինչը խոսում է այն մասին, որ դրանք իշխանությունների կողմից կազմակերպված են եղել։ Ամենազանգվածային հավաքը կազմակերպված է եղել Բաքվում։

Կարգախոսները տարբեր էին, բազմազան՝ սկսած բանակի գործողություններին աջակցությունից մինչև Ղարաբաղի անհապաղ վերադարձի պահանջ։ Անգամ մուսուլմանական հայտնի «Ալլահ Աքբար» կոչեր են հնչել, ինչպես նաև շիաների շրջանում ամենահայտնի դեմքերից մեկի՝ իմամ Հուսեյնի հետ կապված կոչեր են հնչել, ինչը խոսում է այն մասին, որ ցուցարարների շրջանակը լայն ու տարբեր է եղել։

Սա հստակ ցուցիչ է, որ Ադրբեջանի իշխանությունների դեմ հավաքվել ու համախմբել են հասարակության տարբեր շերտեր, որոնք սպասում են պատեհ առիթի իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար։

Բողոքի ակցիաների մասնակիցների ներխուժումը երկրի խորհրդարանի շենք իշխանությունների դեմ քա՞յլ էր, թե՞ սցենարի մաս։

– Միանշանակ իշխանությունների դեմ բողոքի քայլ էր, ընդվզում։ Այսինքն՝ ադրբեջանական հասարակության տարբեր շերտերի շրջանում, տարբեր խմբերի մոտ տասնամյակներ շարունակ կուտակվել են տարբեր խնդիրներ, որոնց դրսևորման լուծման համար այդ շերտերն արտահայտվելու հնարավորություն չեն ունեցել։

Իսկ այս հավաքը, ցույցերը, չնայած այլ կարգախոսներով էին ու այլ նպատակի համար, այդուհանդերձ օգտագործվեցին այդ խմբերի կողմից Ադրբեջանի իշխանությունների դեմ իրենց ցասումն արտահայտելու համար։ Հենց սրանով է պայմանավորված, որ Ադրբեջանի իշխանությունները բավական լուրջ երկընտրանքի առաջ են կանգնած՝ շարունակե՞լ ռազմական գործողությունները, որոնք, բնականաբար, չեն կարող ապահովել ցանկալի արդյունքներ, մյուս կողմից էլ՝ եթե չշարունակեն այդ գործողությունները, ապա դա մեծ հիասթափություն է առաջացնելու ամբողջ հասարակության շրջանում։ 

– Այսօր տեսնում ենք, որ սահմանին համեմատաբար հանգիստ է վիճակը, կարելի՞ է կարծել, որ որոշել են հարմարվել ստեղծված իրավիճակի հետ։

– Ընդհանրապես, այսպիսի գործողությունների հետ կապված դժվար է միանշանակ կանխատեսումներ ու պնդումներ անելը։ Բայց, կրկնում եմ՝ Ալիևի իշխանությունը կանգնած է երկընտրանքի առաջ, որովհետև իրականում այս գործողությունների արդյունքում կշեռքի նժարին դրած է նրանց հետագա կենսունակության հարցը։

Այսինքն՝ կախված հետագա գործողությունների ընթացքից, դրանց հետևանքներից՝ դրանք ուղղակիորեն ազդեցություն են ունենալու Ալիևի վարչակարգի ճակատագրի վրա։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները զուգահեռ մի քանի խնդիրների առաջ են կանգնած՝ կորոնավիրուսը, սոցիալ-տնտեսական ու ջրային խնդիրները։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am