Մաճկալաշենում այս տարի թթի օղու պակաս չի լինելու. համայնքի ղեկավարը՝ գյուղի առօրյայի մասին

Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքը շարունակում է արարել թշնամու աչքի առաջ։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մաճկալաշենի համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ մաճկալաշենցիները սկսել են ապրել իրենց բնականոն կյանքով: «2020 թվականի դեկտեմբերի 21-ին արդեն վերաբացվել է գյուղի դպրոցը, մանկապարտեզը՝ հունվարին: Դպրոցում սովորում է 51 աշակերտ, իսկ մանկապարտեզ հաճախում է 24 երեխա: Ունենք բուժկետ, որը կրում է հայրենիքի համար նահատակված համագյուղացի Արամ Հայրապետյանի անունը և վերանորոգվել է նրա ծնողների կողմից:

Հանդիսությունների սրահը վերանորոգվել է ռուսաստանաբնակ համագյուղացիների ջանքերով, իսկ ակումբը գտնվում է վթարային վիճակում: Գյուղն ունի գազ, լույս, ջուր»,- տեղեկացրել է համայնքապետը: Պատերազմի պատճառով համայնքը կրել է վնասներ. մեկ տուն ամբողջովին վառվել է, 16 տուն՝ մասնակի վնասվել: Պատերազմական գործողություններից հետո գյուղում հինգ ընտանիք է վերաբնակեցվել: Եվս տասնհինգ տուն կվերանորոգվի տեղահանված ընտանիքներին տրամադրելու նպատակով:

Խոսելով գյուղացիների զբաղվածության և նրանց ապագա ծրագրերի մասին՝ Լ. Ավանեսյանը նշել է, որ Կարմիր Խաչի կողմից կիրականացվի ջերմոցների կառուցում և անհատույց տրամադրում, և բնակչությունը կսկսի զբաղվել ջերմոցային տնտեսությամբ:

«Նավասարդ» ՍՊ ընկերությունը համայնքի շուրջ հիսուն ընտանիքի կտրամադրի երեք հարյուր հատ ածան հավ, որի ձուն հենց ընկերությունն էլ կգնի: Ամառվա շրջանում գյուղացիները մշակում են իրենց հողը, աշխատում թթայգիներում: Մեր զրուցակցի հավաստմամբ՝ այս տարի ևս թթի օղու պակաս չի լինելու. բերքը որակյալ է։ Լ. Ավանեսյանը նշել է, որ գյուղի երիտասարդները միտում չունեն հեռանալու գյուղից, նրանք կշարունակեն ապրել ու արարել սեփական հողի վրա, շենացնել ու զարգացնել Մաճկալաշենը: