«Կարևորագույն խնդիրը բավարար թվով քաղաքացիներին փողոց դուրս բերելն է և թույլ չտալ, որ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն վերարտադրվեն». Դավիթ Սանասարյան

«Կարևորագույն խնդիրը բավարար թվով քաղաքացիներին փողոց դուրս բերելն է և թույլ չտալ, որ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն վերարտադրվեն». Դավիթ Սանասարյան
«Կարևորագույն խնդիրը բավարար թվով քաղաքացիներին փողոց դուրս բերելն է և թույլ չտալ, որ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն վերարտադրվեն». Դավիթ Սանասարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հասարակական գործիչ, «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը:

– Ո՞ր փուլում է Սերժ Սարգսյանի վարչապետացումը կանխելուն ուղղված ձեր պայքարը։ Ապրիլի 9-ին «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության նոր հանրահավաքն է։ Արդյոք հույսեր կա՞ն, որ այդ պայքարը հաջողությամբ կպսակվի։

– Ապրիլի 9-ին նախատեսված է «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության հանրահավաքը, բայց մինչ այդ բազում անակնկալներ են սպասվում, որոնց մասին այս պահին չեմ ուզում խոսել, որովհետև խոսքն անակնկալների մասին է։ Ինչ վերաբերում է հույսին, իհարկե կան, բայց մենք ոչ թե հույսերով ենք առաջնորդվում, այլ պրագմատիկ քայլեր ենք մշակում, որոնց արդյունքում, ես կարծում եմ, պետք է կարողանանք հաջողության հասնել։

– Մենք տեսնում ենք, որ ոչ միայն քաղաքացիական այս նախաձեռնությունը, այլև քաղաքական տարբեր խմբեր, կուսակցություններ շարունակում են պայքարել նույն օրակարգով, սակայն այդպես էլ չեն կարողանում միավորվել։ Սա ձեզ չի՞ մտահոգում, որ հանրությունն այդպես էլ կմնա չկողմնորոշված, թե քաղաքական ու քաղաքացիական ո՛ր ուժին վստահի։

– Ես կարծում եմ, որ քաղաքական ուժերի խնդիրն է ճիշտ մեսիջը հասցնել ժողովրդին։ Միգուցե չկարողանանք մեկ սեղանի շուրջը նստել ու որոշում կայացնել, բայց ես վստահ եմ, որ խորհրդակցություններ լինելու են, և կարվի ամեն ինչ իրար չխանգարելու, հակառակը՝ իրար լրացնելու, ժողովրդին ճիշտ մեսիջ ուղարկելու համար, որ մեր նպատակը, մեր թիրախը նույնն է։ Գուցե ռազմավարության կամ մարտավարության մեջ տարբերություններ կան, բայց գոնե թիրախը նույնն է։ Այդ առումով մեր սլաքներն իրար դեմ չեն ուղղվելու, այլ բացառապես Սերժ Սարգսյանի և ռեժիմի դեմ։ Մենք կփորձենք անել ամեն ինչ, որ ամեն ինչ շատ հասուն ձևով լինի, և կարողանանք հնարավորինս շատ քաղաքացիների փողոց դուրս բերել ։

– Ի՞նչ պետք է անել, որ ինչ-որ բան իրականում փոխվի, որ ակցիաները, քաղաքական պայքարն ինքնանպատակ ու անարդյունավետ չլինեն։

– Բոլոր այդ միջոցառումները պետք է իրենց  մեսիջն ունենան։ Եթե ժողովուրդը տեսնի, որ այն ուժերի մեջ, որոնք հայտարարել են Սերժ Սարգսյանի վերարտադրությունը կանխելու մտադրության մասին, կան կոնսուլտացիաներ, և թիրախը Սերժ Սարգսյանի ու ռեժիմի ուղղությամբ է, և գործողություններ առաջարկվեն ժողովրդին, ես կարծում եմ, որ քաղաքացիները կակտիվանան։ Ես կարծում եմ, որ հաջողություն կլինի, եթե մենք ավելի լայնախոհ գտնվենք ու մեր քայլերը հստակ անենք, նահանջելու որևէ մտայնությամբ չգնանք պայքարի։ Կան գործիչներ, որոնք ասում են՝ որևէ բան փոխել հնարավոր չէ, դժվար է և այլն։ Իհարկե, առերևույթ, տանը նստելն ավելի հեշտ է, բայց երկարաժամկետ առումով մենք լուրջ խնդիր ունենք, և տանը նստելը ավելի դժվար է։

– Իշխանության ներկայացուցիչները, անդրադառնալով Ազատության հրապարակում և Մելիք-Ադամյան փողոցում տեղի ունեցող զարգացումներին, նշում են, որ Սերժ Սարգսյանի վերարտադրությունը կանխելու օրակարգը կեղծ է, քանի որ նրանք չեն կարողանալու ՀՀԿ-ի որոշման վրա ազդեցություն ունենալ։

– Ես իրենց ուսուցչի լեզվով իրենց կպատասխանեմ՝ իյա, իրո՞ք։ Նախ` ՀՀԿ-ն Ազգային ժողովում մեծամասնություն ունի հակաօրինական ճանապարհով, նրանք զանգվածային փող բաժանելու արդյունքում են քաղաքացիներին մասնակից դարձրել այդ հանցագործ պրոցեսին և չունեն լեգիտիմություն, որ իրենք որոշեն։ Ինչ-որ պրոցեսներ են տեղի ունեցել, որոնք իրավական ճանապարհից դուրս են, այնպես որ, մենք այս պահին կարծում ենք՝ շանս կա, որ ոչ լեգիտիմ իրավիճակից գնանք լեգիտիմ իրավիճակի։ Այսինքն` թույլ չտանք, որ հանցագործ ճանապարհով մեծամասնություն ձևավորած կուսակցությունը նշանակի վարչապետ։

Մեր խնդիրը պետք է լինի ժամանակավոր կառավարություն կազմելը, որը կկազմակերպի նոր խորհրդարանական ընտրություններ։ Նաև կձևավորվի Սահմանադիր ժողով։ Այս պահին կարևորագույն խնդիրը բավարար թվով քաղաքացիներին փողոց դուրս բերելն է և թույլ չտալ, որ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն վերարտադրվեն։ Չմոռանանք, որ այս տասը տարիների ընթացքում Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն կոնկրետ Հայաստանի վարկանիշը բոլոր ցուցանիշներով վատացրել են` արտագաղթը մեծացել է, տնտեսական անկումը ակնհայտ է, արտաքին պետական պարտքն ավելացել է 5 մլրդ դոլարով, մենք կորցրել ենք հողատարածք, ինքնիշխանության հարցում լուրջ կորուստներ ենք ունեցել։ Այս ընթացքում հայ-ռուսական ինչ-որ համատեղ ստորաբաժանումներ ստեղծվեցին, Հայաստանը մտավ ԵԱՏՄ, հիմա էլ արդեն ռուսական ռազմական ոստիկանություն են ուզում բերել Հայաստան։

– Տեսակետ կա, որ այսօր ընդդիմությունը չունի հստակ օրակարգ, թե, ի վերջո, ում ումով եք պատրաստվում փոխել։

– Հայաստանում կան բազմաթիվ պատրաստված և լավ կրթություն ստացած քաղաքացիներ, որոնց մի մասն էլ Հայաստանից դուրս է, և նրանք իրենց պրոֆեսիոնալ մասնակցությամբ Հայաստանն այս վիճակից դուրս բերելու բոլոր հնարավորությունները կստեղծեն։ Ասում են՝ Սերժ Սարգսյանը անփոխարինելի է, այո՛, ՀՀԿ-ի համար Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, բայց պատկերացրեք` էլ ո՞վ պետք է լինի, որ ավելի վատ անի, քան Սերժ Սարգսյանը։ Սերժ Սարգսյանն ասում է՝ երիտասարդներին դաս պետք է տամ։ Պետք է դաս տա, թե ինչպես կարողացավ երկրի վիճակն այսքան վատացնե՞լ։ Սերժ Սարգսյանը թող գնա ՀՀԿ-ի քաղաքական դպրոցը ղեկավարի և իրենց կուսակցության համար առանձին դասեր տա։ Մեր պետությունն իրենց համար փորձադաշտ չի, որ մի հատ էլ ինքը դաս տա, նոր այնտեղից գնա թոշակի։

– Կարծում եք՝ ձեզ հաջողելո՞ւ է կանխել Սերժ Սարգսյանի վերարտադրությունը։

– Եթե չկարողացանք կանխել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը, այնուամենայնիվ, մի բան հստակ է՝ պետք է կարողանալ ապահովել քաղաքացիական անհնազանդություն այս գործընթացների դեմ։ Այնպես չպետք է լինի, որ քաղաքացիների լուռ համաձայնությամբ Հայաստանի շանսը խլեն։ Եթե անմիջապես չի կանխվելու այս ամենը, պետք է սկսել պրոցես։

Պետք է ստեղծել առնվազն լուրջ հակակշիռ իշխանությանը, որը եթե այս քսան օրերի ընթացքում չհասնի հաջողության, գոնե առաջիկայում դնի նշաձողեր և փորձի իշխանափոխություն իրականացնել, անհնարին ոչինչ չկա։ Իշխանությունները վախենում են, որ քաղաքացիները դուրս կգան փողոց և իրենց ուղղակի դուրս կշպրտեն։ Ամսի 9-ին բոլորս պետք է պահանջենք, որ Սերժ Սարգսյանին իր ընտանիքով ապրելու համար այլ տեղ հատկացնեն ։

Մենք գիտենք, որ մինչ այս պահը որևէ որոշման նախագիծ չկա, որևէ կարգավորում չկա, թե ամսի 9-ից հետո Սերժ Սարգսյանը որտեղ է գիշերելու։ Սերժ Սարգսյանին պետք է դուրս բերել Պռոշյան փողոցում գտնվող երկրի ղեկավարությանը հատկացող կացարանից և նրանց պետք է այլ կացարան տալ։ Այլապես նրա՝ այնտեղ գտնվելը հակաօրինական է լինելու։

Մանե Հարությունյան

MediaLab.am