Մեկնարկել են նեղ կազմով Բայդեն-Պուտին բանակցությունները․ Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին

Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Շվեյցարիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ջո Բայդենն ու Գի Պարմելենը, պահպանելով սոցիալական հեռավորությունը, համատեղ լուսանկարվել են Ժնևում ռուս-ամերիկյան գագաթնաժողովի մեկնարկից առաջ։ Արարողությունը տեղի է ունեցել Լա Գրանժ վիլլայի գլխավոր մուտքի դիմաց, որտեղ պետք է տեղի ունենա Պուտինի ու Բայդենի առաջին հանդիպումը։

Երկրի ղեկավարները լուսանկարվել են, ինչից հետո հեռացել՝ նեղ կազմով բանակցելու։ Հանդիպման մեկնարկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ղեկավարին՝ բանակցություններ անցկացնելու նախաձեռնության համար և հույս հայտնել, որ հանդիպումն արդյունավետ կլինի։ Հավելենք, որ սա ՌԴ և ԱՄՆ ղեկավարների առաջին դեմ առ դեմ հանդիպումն է Բայդենի՝ ԱՄՆ նախագահ դառնալուց հետո։

Ժնև Պուտինի ուղևորությունը կլինի ռուս ղեկավարի առաջին արտագնա այցը 2020 թվականի հունվարից։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ հայտնել էր, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն հակամարտությունները Լեռնային Ղարաբաղում, Ուկրաինայում, Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում։

Օրակարգում են նաև ռազմավարական կայունությունը, համաճարակը, կիբերհանցագործությունների դեմ պայքարը, տնտեսության ոլորտում համագործակցությունը, կլիմայի փոփոխությունն ու Արկտիկայի խնդիրները։

Աղբյուր՝ Factor.am