Որքան տարածվում է համավարակը Ադրբեջանում, այնքան սրվում է Ադրբեջանի ղեկավարության հակահայկական և ռազմատենչ հռետորաբանությունը․ Վարչապետ

«Ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությունները խստագույնս դատապարտելի են։ Այսօր առավոտյան դրանք վերսկսկվել են, դրանց վերսկսկմամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկախատաեսելի հետևանքերի ողջ պատասխանատվությունը»,- այսօր՝ հուլիսի 13-ին, Կառավարության արտահերթ նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Խիստ մտահոգիչ է տարածաշրջանային անկայունություն հրահրելու Թուրքիայի գործելակերպը, որը լավագույնս արտացոլված է այդ երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարությամբ, որտեղ վերջինս անվերապահ աջակցություն է հայտնում ադրբեջանի գործողություններին։

Ադրբեջանը այդպես էլ չմիացավ համավարակի ժամանակ գլոբալ հրադադար հայտարելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին։

Ստացվում է, որքան տարածվում է համավարակը Ադրբեջանում, որքան սրվում է սոցիալ-տնտեսական վիճակը, այնքան սրվում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հակահայկական և ռազմատենչ հռետորաբանությունը։

Սիրելի հայրենակիցներ, վստահեցնում եմ, որ որևէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնում։

Կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին իրենց անվերապահ զորակցությունը հայտնել զինված ուժերին, զինվորներին, հրամանատարներին, ովքեր այս պահին ամուր կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում։

Կոչ եմ անում վստահել բացառապես պաշտոնական աղբյուրներին, այս շրջանում մեր հասարակության տեղեկատվական դիմակայությունը հայոց բանակի հաղթանակի կարևորագույն գրավականներից է»,- նշեց վարչապետը իր ելույթում։