Կեղծ դիտորդներ՝ Երևանի 9/12 ընտրատեղամասում․ FIP.am

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Մաշտոցի անվան համալսարանում տեղակայված 9/13 ընտրատեղամասում ողջ օրվա ընթացքում լարված իրավիճակ էր, քանի որ տարածքը փոքր էր, իսկ ընտրողների ակտիվությունը՝ մեծ։ Բացի այդ, մեծ թիվ էին կազմում վստահված անձինք ու դիտորդները, իսկ կողմնակի անձինք չէին լքում տարածքը։ 

Դիտորդներից մեկը «Փաստերի ստուգման հարթակի» լրագրողին տեղեկացրեց, որ սև շապիկով տղամարդը տևական ժամանակ տեղամասում է, սակայն ո՛չ ընտրում է, ո՛չ էլ գրանցված է որպես դիտորդ կամ վստահված անձ։ 

Երբ մոտեցանք այդ տղամարդուն, վերջինս զրուցում էր «Պատիվ ունեմ» դաշինքի վստահված անձի հետ։ Խնդրեցինք ներկայանալ․ վերջինս բավականին դժկամությամբ պատասխանեց, որ դիտորդ է և անգամ բեյջ ունի։

Հարցին, թե այդ դեպքում ինչու՞ չի գրանցվել մատյանում, ինչը պարտադիր է, պատասխանեց, որ պատրաստվում էր։ Սակայն պարզվեց, որ նա անգամ անձնագիր չունի, ինչը պարտադիր է անձը նույնականացնելու ու գրանցվելու համար։ Քիչ անց նրա անձնագիրը բերեցին։ 

Գրանցման ընթացքում պարզեցինք, որ տղամարդը՝ Ղուկասյան Հակոբ Թորգոմի,  ներկայանում է «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ» ՀԿ անունից։ Պարզվեց, որ այդ ընտրատեղամասում արդեն կա գրանցված դիտորդ նույն կազմակերպությունից։ Մինչդեռ, օրենքը նախատեսում է, որ ընտրատեղամասում մեկ կազմակերպությունից կարող է ներկա գտնվել միայն մեկ դիտորդ։ Ավելի վաղ գրանցված դիտորդ Հակոբ Բրունսուզյանը հայտարարեց, որ ինքը դուրս կգա։ 

Քանի որ ընտրություններին գրանցված դիտորդական առաքելությունները ներկայացնում են նաև գրանցված դիտորդների տվյալները, որոշեցինք պարզել՝ արդյո՞ք այս երկու անձինք կան այդ ցուցակում։ Պարզվեց, սակայն, որ «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ» ՀԿ անունից հանդես եկող այս դիտորդների անունները չկան ԿԸՀ ներկայացված ցուցակում, որում գրանցված է 636 անձ։

Երբ խնդրեցինք պարզաբանել, թե որտեղի՞ց բեյջերը կամ ինչու՞ նրանք չկան այդ ցուցակում, երկուսն էլ նշեցին, որ հնարավոր է՝ սխալմունք է եղել։ https://www.youtube.com/embed/F6ylbBv2zBA?feature=oembed

9/31 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը կապ հաստատեց տարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի հետ։ Վերջինս նշեց, որ եթե բեյջի վրա կա ԿԸՀ կնիք, ապա այդ պահին որևէ բան չեն կարող անել։ 

Հատկանշական է, որ «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ» ՀԿ գործունեությունն առաջին անգամ չէ, որ հարցեր է առաջացնում։ Դեռևս 2017-ին «Հետքը» անդրադարձել էր այս կազմակերպությանը, որը թեև շուրջ 9 տարի գործում է և առաջին անգամ չէ դիտորդական առաքելություն իրականացնում, սակայն դրա գործունեության մասին որևէ տեղեկատվություն չկա։ Այն հայտնվում է ընտրությունից ընտրություն և անգամ ընտրություններն ամփոփող զեկույցներ չի ներկայացնում։

Փաստերի ստուգման հարթակ