Համերի հիշողություն. Իրան

«Համերի հիշողություն» շարքը մարդկանց սննդային հիշողությունները վերականգնելու փորձ է: Այս շարքում համը դառնում է մարդու պատումը բացահայտելու և նրա հիշողության շերտերը թարմացնելու միջոց:

Մարտունու շրջանի Հերհեր գյուղի բնակիչ Իրա Համբարձումյանը, որ Արցախում խոհարար է աշխատել, 2023 թվականի տեղահանության հետևանքով հայտնվել է Հայաստանում աղջկա ընտանիքի հետ: Երևանում գտնվող բնակարանում դիմավորեցին երկու կանայք՝ Իրան և Կարինան, որ խնամիներ են, և թոռնիկները: 

Նախամուտք մտնելուն պես ասացի, որ տունը շա՜տ անուշ է բուրում: Պարզվեց՝ այս էլ որերորդ անգամ են լսում այդ արտահայտությունը: Սեղանին դրված փախլավան՝ առատ ընկույզով ու մեղրով, տանտերերի մասին շատ բան էր պատմում: Երկու կանայք կիսելու բան չունեն, ինչպես իրենք են ասում. օգնում են թոռներին դպրոց տանել, օգտակար են լինում հարսին ու տղային ինչով կարող են մինչև տեսնեն՝ ինչ է լինում: 

Իրան, որ հիմա 60-ն անց կին է, ծնվել է Արցախում՝ Հերհերում (այս անունով գյուղ կա նաև Վայոց ձորում), որը բնակեցված է եղել հիմնականում պարսկահայերով: Իրենց մեծ ընտանիքում, որտեղ մեծանում էին վեց երեխաներ, ապրում էին տատի՝ Վարսիկի հետ, որին մայր էին կոչում, իսկ մորը հիմնականում դիմում էին անունով: 

– Վա՜յ, թագավորն իրա թագն էնքան չի սիրում, ինչքան տատս՝ իրա շերեփը: Մի մեծ կաթսա էր վերցնում՝ 10 լիտրանոց դույլի չափ կլիներ, շերեփն առնում ձեռքը և եփում: Խիստ էր, բայց մեզ խենթի պես սիրում էր: 

Տատը մի դրվածք ուներ, որ նա ստիպված եղավ կիրառել Արցախի շրջափակման ժամանակ: Վեց թոռներին նա տալիս էր մեկական կոնֆետ՝ ոչ ավելի, սեղանին երբեք չէր դնում: Իրայի մայրն էլ զուսպ ու խոնարհ ենթարկվում էր. տատին անգամ Իրայի հայրը չէր կարող հակաճառել: «Շերեփը ձեռքն է» արտահայտությունը հայկական սննդային վարքուբարքի մի մասն է ու օգտագործվում է մինչև օրս, բայց այն ավելին է, քան լոկ խոհանոցի հետ կապված բառ: Շերեփի՝ ձեռքին լինելը վկայում է ոչ թե խոնարհության, այլ՝ գլխավոր լինելու մասին. այն իշխանություն է տան նկատմամբ, որոշում կայացնողի գործիք: 

– Մի սնդուկ ուներ, որի մեջ փողերն էր հավաքում: Մայրս ու հայրս իրենց աշխատավարձն իրեն էին տալիս: Պա՜հ, ո՞վ ռիսկ կաներ չտար: Սնդուկը երբեք չէր փակում, որովհետև գիտեր, որ մեզնից ոչ մեկը չէր համարձակվի փող վերցնել, բայց իր վրա հո չէր ծախսում: Ամբողջը մերն էր. տատս միշտ մեզ համար էր ամեն բան անում: 

Հիշում է, որ տատը ածիկ էր եփում՝ մի կերակուր, որ իմ ականջին շատ խորթ է, երբևէ չեմ լսել: Պարզվեց՝ Կարինան ևս չգիտի, թե ինչ է ածիկը: Ածիկն ընդունված էր բաժանել գյուղում. այն մենակ չէին ուտում, պետք էր անպայման հյուրասիրել: Առողջ ցորենը վերցնում էին, դնում որևէ մակերեսի վրա ու սկսում ջրել, ինչպես Սուրբ Հարության տոնի ցորենն ենք աճեցնում: Ծիլերը մսաղացով աղում էին, եփում ու սև ալյուր էին ավելացնում, որ թանձրանար: Այսպես էր ստեղծվում Իրայի մանկության կերակուրը, որ վերջին տարիներին ոչ մեկի տանն էլ չի համտեսել, հավանաբար մոռացվել է, ինքն էլ չի պատրաստում: 

Տատի դրվածքներից մեկն էր ճաշի սեղանի շուրջը հավաքվելը, բայց մեկ կարևոր նրբությամբ: Գետնի վրա դրված կլոր սուփրայի շուրջը նա հավաքում էր վեց թոռներին, իսկ հարսին ու տղային տալիս պատվավոր՝ սեղանի շուրջը նստելու իրավունքը: Մի անգամ հարևանուհին, որ ուսուցչուհի էր, ակնարկել էր, թե թոռներից երկուսն արդեն բավական մեծ են, ինչո՞ւ թույլ չի տալիս սեղանի շուրջը նստել, տատն էլ կարճ պատասխանել էր՝ «իմ տանս դասատուն ես եմ, հա՜»: 

Տատի աշխարհը սկսվում էր թոռներով ու ավարտվում նրանցով, ու թեև տառաճանաչ չէր, շատ կարևորում էր կրթությունը: Ցածր գնահատականի դեպքում պահանջում էր ջուր կրել, մեծ բակն ավլել, մաքրել, ու տատին լսում էին՝ առանց մի բառ ասելու: Տատի ֆիրմային ուտելիքներից էր նաև Արցախի հայտնի կուրկուտը, որը մինչև սեղանին հայտնվելը երկա՜ր ճանապարհ էր անցնում: Իրային վերցնում էր, գնում կուրկուտացու ցորեն՝ սպիտակ ցորեն գտնելու, որը հետո մաքրում էին: Դրան հաջորդում էր մեկ այլ գործողություն. մի մեծ կտորից պարկ դնում էր շալակն ու գնում մի քանի տուն այն կողմ՝ ցորենի հարցերը լուծելու և այլ ուտելիք ևս պատրաստելու համար:

– Հատուկ մեծ քար կար, մեջը՝ փոս, մեկ էլ մի հարթ քար, որը վերցնում էր ու փոսի մեջ լցված ցորենն այնքան խփում, մինչև թեփ էր առաջանում: Արդեն պատրաստ էր: Նորից ածում էինք շորի մեջ, բերում տուն, հետո տատը քամուն էր տալիս, չորացնում ու երկանքի մեջ ածում, աղում: Դրանով սպաս էր եփում, մյուս մասով՝ խաշիլ և այսպես շարունակ: 

Այն ժամանակ ոչ միայն մեծերի ներկայությունն էր նպաստում մարդկանց՝ սննդի միջոցով բարեկամանալուն, այլ նաև՝ կյանքի սուղ պայմանները: Հարևանները իրար իմաց էին տալիս, որ հաց պետք է թխվի. մեկը պիտի խմոր աներ, մյուսը՝ հունցեր, տղամարդիկ, որ սովորաբար չէին մասնակցում կերակուրի պատրաստմանը, պետք է ցախ բերեին, մյուսները հետևում էին թխման արարողությանը: 

– Հետո սկսվում էր ամենասիրուն պահը՝ թթու էին բերում, պանիր, ով ինչ ուներ, և հավաքվում էին հացը կիսելու: Եթե հացի թխման ժամանակ մեկը ճանապարհով անցներ, անպայման պիտի ներս կանչեին, չէր կարելի անցվորին չհրավիրել, հրաժարվելն էր ամոթ էր համարվում: 

Իրայի մանկության տարիներին Հերհեր գյուղի կապը Բաքվի հետ էր՝ ավելի շատ այնտեղ էին գնում, քան՝ Երևան: Բաքվում աշխատուժ էր պետք, իսկ հայերը շատ լավ վարպետներ էին ու բավական բարձր վարձատրություն էին պահանջում: 

– Ադրբեջանցիները ֆերմաներում էին աշխատում, բայց դրանք գյուղից դուրս էին, այնտեղ էլ իրենք մնում էին: Բերում, բանջարեղեն էին վաճառում, հետո գյուղի մեջտեղին կանգնում՝ շվարած, հայրս ասում էր՝ գնանք մի կտոր հաց ուտենք: Միշտ հիշում եմ՝ մերոնք ասում էին՝ թուրքի հետ ընկերություն արա, բայց զգույշ եղիր, հարևանդ թուրք ա, պատուհաններիդ ճաղավանդակ դիր: 

Իրան էլ իր թոռների համար է հիշողություն ստեղծում, բայց ի տարբերություն տատի, առատ դնում է ամեն բան, որ աչքները ոչ մի բանի վրա չմնա: Բռնիով՝ դդումով ապուրներ է սիրում եփել: Այս ասելիս ցույց է տալիս Արցախում աճեցրած դդումը, որ իր գնած հողամասում էր ցանել: Սկզբում բոլորը դեմ էին, բայց շրջափակման ժամանակ դա դարձավ իրենց փրկությունը՝ ամեն բան աճեցնում էին: 

– Բլոկադայի ժամանակ գյուղերից միս էին բերում, ես էլ ամեն տեսակ բանջարեղեն ունեի: Ես մի քիչ պահուստ սիրող մարդ եմ, ամեն բանից քիչ-քիչ պահել էի: Տասը ամիսը քիչ բան չի, մարդիկ իրար օգնելով էին դիմանում: 

Իրան ասում է, որ շրջափակման ժամանակ երեխաներին մեկական կոնֆետ տալիս է միայն հասկացել տատին: Նա սով էր տեսել, չքավորության մեջ էր ապրել, այդ պատճառով է, որ զուսպ էր՝ զուսպ, ոչ թե գծուծ: 

Հիմա այս տանը շերեփը ձեռքին մարդ չկա՝ հոգսերը չեն թողնում շերեփի մասին մտածել: Իրան կատակում է, թե տան իշխանություն սիրողն ինքն է, որ Կարինային մնա, թոռներին էլ կտա շերեփը: 

Երկու կանանց՝ հնազանդ համերաշխությունն ու հարգանքը միմյանց նկատմամբ միայն հիացնում էին ինձ: 

Երբ Իրայի ավագ թոռնուհին ուշադիր լսում էր տատի հուշերը ու ասում, թե շատ դրվագներից տեղյակ չի, ածիկի մասին երբեք չի էլ իմացել, մտածում էի՝ տեսնես՝ հետո նա կխնդրի՞ տատին ածիկ պատրաստել: 

Չէ՞ որ այն ավելին է, քան պարզապես ուտելիք, չէ՞ որ մեր տատերի բաղադրատոմսերին կյանք տալով՝ մենք վերագտնում ենք մեզ ու մեր մոռացված պատումը: 

Կուշանե Չոբանյան

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյանի

MediaLab.am