Անցումային արդարադատություն․ Իշխանությունները ստեղծում են Փաստահավաք հանձնաժողով՝ մարդու իրավունքների 27-ամյա խախտումները բացահայտելու համար

Անցումային արդարադատության կիրառման միջոցով իրավունքի գերակայության ամրապնդումը եղել է մեր Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության ամենակարևոր նպատակներից մեկը, հայտարարել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով համակարգի բարեփոխումների շրջանակում հաջորդ ծրագիրը։

«Դրան հասնելու համար Ռազմավարությամբ ամրագրել էինք նաև Փաստահավաք հանձնաժողովի ստեղծում, որն օժտված է լինելու 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային և պարբերական խախտումների դեպքերը և դրանց պատճառներն ուսումնասիրելու, դրանց վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու և դրանց կրկնության բացառմանն ուղղված առաջարկություններով հանդես գալու իրավասությամբ:

Այսօր արդեն հանրային քննարկման ենք ներկայացրել Հանձնաժողովի ստեղծմանն ուղղված օրենսդրական փաթեթը:

Խնդրում եմ բոլոր շահագրգիռ կողմերին լինել ակտիվ և առաջարկություններ ներկայացնել այն որակապես ավելի լավը դարձնելու համար», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Բադասյանը: