Մանվել Գրիգորյանին մեկուսարանում նկարել էր ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյան

Մանվել Գրիգորյանին մեկուսարանում նկարել էր ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյան
Մանվել Գրիգորյանին մեկուսարանում նկարել էր ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյան

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին մեկուսարանում ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյա է լուսանկարել: Այս մասին լրագրողներին ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Չեմ թաքցնի, որ լուսանկարն արել է մեր աշխատակիցը, որը բարձր պաշտոն է զբաղեցնում։ Նրա նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել, որից հետո, եթե պարզվի, որ իր արարքը քրեորեն պատժելի է, նա կմեղադրվի, եթե քրեորեն պատժելի արարք չլինի, կհեռացվի աշխատանքից»,- ասել է Վանեցյանը:

Հիշեցնենք, որ armtimes.com-ը հրապարակել էր մեկուսարանում գտնվող Մանվել Գրիգորյանի լուսանկարը, որը քննադատության մեծ ալիք էր բարձրացրել։

Ավելի ուշ լրատվամիջոցը ներողություն է խնդրել և հեռացրել լուսանկարը։ «Մենք մեր աղբյուրը չենք բացահայտի, իհարկե, սակայն հուսով ենք՝ պատկան մարմինները կհայտնաբերեն և կպատժեն այդ լուսանկարի «հեղինակներին»։ Լուսանկարի հրապարակումը լրագրողական գայթակղություն էր մեր կողմից, որի համար կրկին ներողություն ենք խնդրում», – ասված է խմբագրության տարածած հայտարարությունում։