Երևա՞ն, Նյու Յո՞րք, թե՞ Փարիզ. Հայաստանի մայրաքաղաքում բնակարանների աստղաբաշխական գները շարունակում են զարմացնել

Հայաստանում, մասնավորապես, Երևանում անշարժ գույքի աստղաբաշխական գները շարունակում են զարմացնել: Նախորդ տարվա ընթացքում Ռուսաստանից Հայաստան երկու անգամ աննախադեպ ներհոսքի հետևանքով անշարժ գույքի շուկայում թե վարձակալության և թե վաճառքի գների կտրուկ աճը իներցիայի ուժով թերևս պահպանվում է նաև հիմա: 

Բնակարանների առքուվաճառքի հայտարարություններում, օրինակ՝ կարելի է տեսնել 4 սենյականոց բնակարան (110 քմ) Երևանի կենտրոնում՝ Արամի փողոցում, 900 հազար դոլար (356 մլն դրամ) արժեքով: Ըստ լուսանկարների՝ սովորական բնակարան է բարձրահարկ շենքում, ոչնչով աչքի չի ընկնում, կահավորված է մինիմալիստական ոճով: Հայտարարության հեղինակն ասում է՝ ունի առաձին խոհանոց, որից դուրս է գալիս պատշգամբ, ինչի համար էլ այդքան թանկ է:

«Որ ուզենայի տունը շուտ վաճառվեր, կգրեի՝ շտապ, ու 700 հազար դոլարով երեք օրվա ընթացքում կվաճառեի: Բայց հիմա չեմ շտապում»,- «Մեդիալաբին» ասում է հայտարարության հեղինակը՝ նշելով, որ բնակարանը գնելու համար հետաքրքրվողներ կան և՛ Հայաստանից, և՛ արտերկրից:

Մեկ այլ հայտարարությամբ Լեոյի փողոցում վաճառվող բարձրահարկի 5 սենյականոց (245 քմ) բնակարանն արժի 1 մլն 200 հազար ԱՄՆ դոլար (515 մլն ՀՀ դրամ):

Անշարժ գույքի մասնագետ Անդրանիկ Հարությունովն ասում է՝ նախորդ տարի Ռուսաստանից մարդկանց ներհոսքի հետևանքով Հայաստանի անշարժ գույքի վարձակալության ու վաճառքի շուկայում արձանագրված գների աճը պահպանվում է, բայց որոշակի պասիվություն կա:

«Նման մուտք դեպի Հայաստան, որ գան ու երկար ժամանակով ապրեն մեր երկրում, երբևէ չի եղել, դա աննախադեպ էր մեզ համար: Հիմա, քանի որ նոր իրադարձություններ չկան, այդ հոսքը կանգնել է, և շուկան եկավ իր բնականոն վիճակին, բայց այնպես չէ, որ գները կտրուկ նվազեցին: Իհարկե, գնիջեցում եղել է, բայց չի հասել նախկին գների մակարդակին»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Հարությունովը: 

Հայաստանում վաճառվող բնակարանների առաջին հայացքից շոկային գները եկեք համեմատենք նյույորքյան բնակարանների կամ տների գների հետ: Այսպես, Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում, որը քաղաքի պատմական կենտրոնն է, կարելի է բնակարան գնել ,օրինակ՝ 699 հազար դոլարով, այսինքն՝ ավելի էժան, քան Երևանի կենտրոնում: Բայց նյույորքյան բնակարանը չափերով փոքր կարող է լինել՝ 90 քմ, սակայն ունենալ բոլոր հնարավոր հարմարությունները: 

Նույն երկնաքերներով հարուստ Մանհեթենում, մասնավորապես՝ Իսթ Բրոդվեյ (East Broadway) փողոցում, 56 քմ բնակարանն արժի 975 հազար դոլար: 

Եթե Նյու Յորքից տեղափոխվենք Ֆիլադելֆիա, ապա այստեղ հնարավորություններն ավելի են ընդլայնվում. այստեղ օրինակ, հնարավոր է 599 հազար դոլարով 186 քմ մակերեսով (3 սենյակ) ընդարձակ ու լուսավոր բնակարան գնել, որի շենքը կունենա սեփական լողավազանը:

Նյու Յորքում հայաստանյան գներին համահունչ կարելի է շքեղ կահավորված բնակարան գնել՝ հրաշալի տեսարանով: 

Օրինակ՝ Փարիզում «խելացի տուն» (smart house) կարելի է գնել 405 հազար եվրոյով, բայց այն կունենա 30 քմ մակերես, տեղակայված կլինի Փարիզի 15-րդ շրջանում, Սենայի ձախ ափին, Էյֆելյան աշտարակի գրեթե կողքին, որին կարելի է մոտենալ քայլելով: 

Իսկ ահա Փարիզի պատմական շրջանում՝ Իլ դը Ֆրանսում, որն ընդգրկում է Փարիզի կենտրոնական հատվածները, 2 սենյականոց բնակարանը կարելի է գնել 579 հազար եվրոյով: 

Հայաստանում անշարժ գույքի մասնագետն ասում է՝ Երևանում բնակարանների գների նման թանկությունը պայմանավորված է բացառապես դեպի Հայաստան մեծաթիվ ներհոսքով: 

«Հիմա կասեք՝ յոթ երգ գիտեք, յոթն էլ մի բանի մասին, բայց այդ վիճակն է»,- կատակում է Հարությունովը: Նրա խոսքով՝ Հայաստան եկած մարդիկ ներկայացնում են տարբեր շերտեր՝ հարուստներ, շատ հարուստներ, միջին խավի ներկայացուցիչներ և այլն: Բացի այդ, արտերկրում այս կամ այն պատճառով բնակություն հաստատած հայերը աշխարհի տարբեր հատվածներում ռազմական բախումների համատեքստում մեծ ցանկություն ունեն գնել բնակարան իրենց հայրենիքում: Ըստ Հարությունովի՝ հայերը հասկացել են մի պարզ ճշմարտություն՝ ամեն դեպքում պետք է ապրել հայրենիքում, որտեղ նրանց չեն հալածի:

«Մեր հայրենակիցները, որ գալիս են, հիմնականում ցանկանում են Երևանի կենտրոնում բնակարան ձեռք բերել, իսկ կենտրոնն էլ սահմանափակ տարածք է՝ սահմանափակ բնակֆոնդով: Եվ եթե հենց այդ հատվածի պահանջարկ կա, գները սկսում են ավտոմատ բարձրանալ: Եվ որքան էլ տարօրինակ է, հենց նյույորքներից ու բարսելոնաներից են գալիս Երևան ու բնակարան գնում: Մարդն ուզում է Երևանի կենտրոնում բնակարան ունենալ, ու իր համար մեկ է՝ էդ տունը 1 մլն դոլարանոց է: Բացի այդ, էդ գնով Նյու Յորքում կարող ես մի սենյականոց բնակարան գնել, իսկ Երևանում՝ 4, դա էլ են հաշվի առնում»,- նշում է նա:

Մասնագետի համար շուկայի ուսումնասիրությունից եզրահանգումը մեկն է՝ կա պահաջարկ, դրա համար էլ Երևանում անշարժ գույքի գներն աճում են, իսկ այդ պահանջարկը ստեղծողները տարբեր կետերից Հայաստան տեղափոխված, ֆինանսական մեծ հնարավորություններ ունեցող մարդիկ են:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am