«Հանքարդյունաբերական տեռոր՝ Վայոց ձորի Վարդահովիտ գյուղում». բնակիչները մերժում են հերթական հանքարդյունաբերական նախաձեռնությունը

Վայոց ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքի Վարդահովիտ բնակավայրում բազմամետաղների հանքերևակման տեղամասում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների ծրագրի նախնական լսումները այսօր չեն կայացել, քանի որ Եղեգիսի բնակչությունը մերժել է հանքահանման հերթական ծրագիրը:

Երկրաբանական ուսումնասիրության հայտը ներկայացրել է «Մենդիա ռեսուրսիս» ընկերությունը, որը ծրագրում է որոնողական աշխատանքներ իրականացնել Վարդահովիտի բազմամետաղների հանքերևակման տեղամասում: Այսօր պետք է կայանար երկրորդ հանրային լսումը, սակայն բնակիչների համառ բողոքի արդյունքում լսումները համարվել են չկայացած: Հայտնի է, որ Վայոց ձորի մարզպետարանը ևս բացասական է վերաբերվում հանքարդյունաբերության այս ծրագրին:

«Համայնքի բնակիչները արդեն մի քանի տարի է՝ ընդդիմանում են նման ծրագրերին, բայց ընկերությունները, միևնույն է, գալիս են, փորձում հանքարդյունաբերություն իրականացնելու համար հող նախապատրաստել: Այսօր էլ համայնքի բնակիչները տապալեցին հերթական լսումները»,- «Մեդիալաբին» ասում է «Համայնքների համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Օլեգ Դուլգարյանը:

Տեղամասը, որտեղ ծրագրում է երկրաբանական ուսումնասիրություն սկսել «Մենդիա ռեսուրսիս» ընկերությունը, գտնվում է Եղեգիս խոշորացված համայնքի Վարդահովիտ գյուղի վարչական տարածքում և զբաղեցնում է շուրջ 9 հեկտար տարածք: Վարդենիսի հանքերևակման տեղամասերը տարածվում են Վարդենիս և Քաչալսար լեռների փեշերին: Հանքերևակումը գտնվում է Վարդահովիտ գյուղից 8.5 կմ հյուսիս-արևելք, Եղեգնաձոր քաղաքից 40 կմ դեպի հյուսիս:

«Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ն մտադիր է որոնողական աշխատանքներ անցկացնել 2022-2025 թթ., տալ պաշարների որակական և քանակական գնահատական, ինչպես նաև օգտակար հանածոյի լոկալ տեղամասերից առանձնացնել հեռանկարային տեղամասերը՝ հետագայում առավել մանրակրկիտ հետախուզման համար:

Հանքերևակման առաջնային օգտակար հանածոներն են ոսկին, արծաթը, պղինձը, ցինկը, կապարը, մոլիբդենը: Հորատանցքերի միջին խորությունը նախատեսված է 250 մ, հորատանցքերի քանակը՝ 10-20:

Ըստ Դուլգարյանի՝ այս տեղամասի շուրջը էկոգոտի է և ջրահավաք գործընթացների կարևոր հանգույց է: «Ավելի քան 15 համայնքի բնակիչներ օգտվում են այդ ջրերից, և շատ կարևոր է, որ այդ տարածքը մնա մաքուր՝ հաշվի առնելով այն, որ այդտեղ գյուղատնտեսական աշխատանքներ են իրականացվում»,- նշում է Դուլգարյանը:

Նրա խոսքով՝ հատկանշական է, որ ժամանակ առ ժամանակ, երբ Հայաստանում լուրջ խնդիրներ են առաջանում՝ անվտանգության սպառնալիք, համաճարակ, ներքաղաքական անկայունություն, հանկարծ հայտնվում է ինչ-որ ընկերություն և փորձում առաջ մղել հանքարդյունաբերական իր բիզնեսը:

«Ակամայից մտածում ես, որ որոշ մարդիկ, շրջանակներ, հասկանալով, որ համայնքաբնակ քաղաքացիների մոտ այլ առաջնահերթություններ ու հոգսեր են այդ պահին, ցանկանում են օգտվել այդ իրավիճակից և սղացնեն, անցկացնեն որևէ համայնքում հանքարդյունաբերության ոլորտին առնչվող գործընթաց, հանրային լսում, մասնավորապես երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու համար: Ես առնչվել եմ մի խնդրի, երբ հանրային լսման ժամանակ ընկերության ներկայացուցիչներն ասում էին՝ չե՞ք ամաչում, երկիրը պատերազմական վիճակի մեջ, եկել եք ստեղ, հանքի դեմ պայքար եք տանում»,- ասում է Դուլգարյանը:

Բնապահպանական մի քանի կազմակերպություններ իրենց հերթին են այսօր հայտարարություն տարածել՝ նշելով, որ «Մեր կարծիքով՝ այս ծրագիրը մեծ ռիսկեր է ներկայացնում ծրագրերի իրականացման համար և վտանգում թիրախ համայնքների կանաչ զարգացումը։ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի քարտեզում պարզ երևում է, որ հանքարդյունաբերական ծրագրի տարածքը մասնակիորեն համընկնում է ծրագրերի շրջանակներում ստեղծվող էկոմիջանցքներից մեկի տարածքի հետ»:

Օլեգ Դուլգարյանն ասում է՝ Վարդահովիտ գյուղը վերջին տարիներին ենթարկվում է շարունակական «հանքարդյունաբերական տեռորի»․ հանքարդյունաբերական նման ուսումնասիրություններ անցկացնելու մասին հայտերը մերժվել են նաև 2018-ին, 2019-ին:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am