ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը 7-րդ գումարման խորհրդարանում ներգրավված քաղաքական ուժերին առաջարկեց միասնական ձևով հայտարարությամբ, ուղերձով դիմել միջազգային կառույցներին՝ հայ ռազմագերիներին չվերադարձնելու համար Ադրբեջանի նկատմամբ կոնկրետ պատժամիջոցներ կիրառելու պահանջով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զոհրաբյանը նման առաջարկ արեց ԱԺ հունիսի 30-ի արտահերթ նիստում:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Ստրասբուրգում ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյիդովի հետ առանձնազրույց է ունեցել՝ շեշտելով, որ Ադրբեջանի դիրքորոշումը շարունակում է մնալ անհանդուրժելի: «Ադրբեջանի դիրքորոշումը շարունակում է մնալ անհանդուրժելի: Ադրբեջանը շարունակում է չընդունել, որ գերեվարված անձինք ռազմագերիներ են: Եվ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է մեր ռազմագերիների դատավարությունը, որոնց առաջադրված են Ադրբեջանի քրեական օրենսգրքով ծանրագույն մեղադրանքները»,-ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը հստակ նշել է, որ գերեվարված անձանց վերադարձի մասին քննարկում հայկական կողմի հետ կարող է լինել միայն այն դեպքում, երբ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախի գրավյալ տարածքներով հանդերձ:
«Ադրբեջանի հանդեպ պետք է կիրառվեն կոնկրետ պատժամիջոցներ: Ես առաջարկում եմ այս խորհրդարանին, ինքս դիմել եմ միջազգային կառույցներին, բայց խորհրդարանի կողմից դիմումը շատ ավելի ազդեցիկ կլինի՝ կոչ անելու հստակ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի հանդեպ: Օրինակ Եվրոպայի խորհրդում պետք է կասեցվի Ադրբեջանի պատվիրակության լիազորությունը»,-ասաց նա ու հավելեց, որ կալանքներ պետք է դրվեն Ալիևի, նրա ընտանիքի բանկային հաշիվների վրա:
Այսպիսով, Զոհրաբյանը դիմեց խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին՝ միասնական հայտարարությամբ, ուղերձով դիմելու միջազգային կառույցներին և նշելու այն կոնկրետ պատժամիջոցները, որոնք պետք է կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ: