Ընտրություններից առաջ Կրեմլը փորձում է ձերբազատվել իր քաղաքական հակառակորդներից.Ամերիկայի ձայն

Ռուսաստանում աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պուտինամետ քաղաքական կուսակցությունների վարկանիշի նվազման պայմաններում, Կրեմլը որդեգրել է հավանական մրցակիցներին հեռացնելու ռազմավարություն

Այս տարվա սկզբին ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալմանն ու դատապարտմանը հաջորդած ամիսներին խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Կրեմլը շարունակում է ճնշում գործադրել աշնանային հավանական իրական կամ այդպես ընկալվող քաղաքական հակառակորդների նկատմամբ:

Դատարանը հունիսին կայացած փակ դատավարության արդյունքում Նավալնիի Հակակոռուպցիոն հիմնադրամը ճանաչեց «ծայրահեղական», որով հիմնադրամի անդամները զրկվեցին հետագա քաղաքական ակտիվություն իրականացնելուց, իսկ հիմնադրամը լուծարվեց:

Ընդդիմադիր այլ առաջատար քաղաքական գործիչների, նրանց ընտանիքի անդամների նկատմամբ սկսվեցին քրեական հետապնդումներ, որոնց նպատակն է դադարեցնել նրանց գործունեությունը կամ ստիպել հեռանալ երկրից:

Ռուսաստանից դուրս գտնվող ընդդիմադիր գործիչ Դմիտրի Գուդկովն Ամերիկյաի ձայնին տված հարցազրույցում ասում է, որ այս ամենի հիմքում ընկած են գալիք խորհրդարանական ընտրությունները: Կրեմլը ցանկանում է անել հնարավորինը` պարզապես իր ուժեղ հակառակորդներից ձերբազատվելու համար, ասում է ընդդիմադիր գործիչը: Քննադատների կարծիքով պատճառը կայանում է հատկապես իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության նվազող ժողովրդականության մեջ է սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ:

Վերլուծաբանների կարծիքով խաղի կանոններն ամբողջովին փոխվել են 2019 թվականից ի վեր, ուստի այժմ անկախ թեկնածուի կամ լուրջ ընդդիմության թեկնածուի համար անհնարին է ոչ միայն ընտրվելը, այլ անգամ գրանցվելը ԿԸՀ-ում:

Կրեմլի ներսում կոշտ քաղաքականության կողմնակից շրջանակները կարծես ցանկանում են խուսափել անցած ընտրությունների սխալների կրկնությունից, երբ քվեարկության օրը կատարված խախտումները հանգեցրին փողոցային բողոքի ցույցերի ալիքներին:

Նրանք, ովքեր հայտնվել են կառավարության այսպես կոչված անցանկալի անձանց ցուցակում, ասում են, որ իշխանությունների համար ավելի հեշտ է ազատազրկել հավանական թեկնածուներից ցանկացածին: Ըստ վերլուծաբան Տատյանա Ուսմանովայի, իրավիճակը չափազանց պարզ է: Կրեմլը չի ցանկանում վտանգել իր դիրքերը, ուստի ավելի դյուրին է պարզապես մարդկանց նետել բանտ:

Ըստ փորձագետների, սա վկայում է, որ երկիրն էլ ավելի է մղվում դեպի բռնապետություն նախագահ Պուտինի իշխանության երրորդ տասնամյակի շեմին: Այն հիմնվում է հակասական սահմանադրական բարեփոխումների վրա, որոնք կարող են պահպանելՊուտինի իշխանությունը Կրեմլում մինչև 2036 թվականը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ժնևում նախագահ Ջո Բայդենի հետ իր գագաթնաժողովում հերքեց ճնշման մասին եզրակացությունները՝ ասելով, որ օրենքները թիրախավորել են նրանց, ովքեր Վաշինգտոնի կողմից ստանում են բացահայտ աջակցություն: Դրանք այն կազմակերպություններն ու մարդիկ են, որոնք խթանում են ԱՄՆ-ի քաղաքականությունը Ռուսաստանում, ուստի ինչպե՞ս պետք է վերաբերվենք նրանց, ասել է ՌԴ նախագահը:

Բայդենն իր հերթին ասել է, որ իր վարչակազմը կշարունակի ճնշում գործադրել Կրեմլի վրա Ռուսաստանում մարդու իրավունքների խախտման հարցում: Դա, սակայն, որևէ կերպ չի օգնում ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկված թեկնածուներին կամ նրանց հավանական կողմնակիցներին, քանի որ երկիրը մոտենում է նախընտրական փուլին:

Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը