Երևան-Գյումրի մայրուղին դարձյալ փակ է․ բողոքի ակցիա Շիրակի մարզում. Factor.am

Շիրակի մարզի մի քանի համայնքների՝ Ազատան, Բենիամին, Գետք գյուղերի բնակիչները քիչ առաջ կրկին փակել են Երևան-Գյումրի մայրուղու Ազատան-Բենիամին հատվածը՝ պահանջելով կամ լուծել ոռոգման ջրի հարցը, կամ փոխհատուցում հատկացնել, գրում է Factor.am-ը։

Նրանք նույն պահանջով բողոքի ակցիա էին անցկացրել նաև նախորդ շաբաթ։ «Անցած շաբաթ էլ ոտքի էինք ելել, խոստումները չկատարեցին՝ ջուր չկա, այսօր Ազատան վայրկյանում ընդամենը 200 լիտր ջուր է մտնում, այն դեպքում երբ 1,2-1,5 խորանարդ մետրն է բավարար այս պիկ սեզոնին, որպեսզի բաշխեն ժողովրդին, ծայրամասերում էլ ջուր հասնի»,- ասաց բողոքավորներից մեկը։

Նրանք չեն պատկերացնում, թե ինչ ձևով է լուծվելու այս հարցը, երբ կարտոֆիլի ցանքատարածությունների մեծ մասն արդեն չորացել է։

«Հիմա Մանթաշի ջրամբարից ջուր են բացել, որպեսզի Բենիամինն ու Ազատանի ծայրամասը ջրով ապահովեն, մանթաշցիներն են ոտքի ելել, իրենց մոտ էլ նորմալ ջուր չկա։ Չես մեղադրի մարդկանց, Մանթաշի ջրամբարը նաև խմելու նպատակով է ծառայում, մարդիկ էլ մտավախություն ունեն, որ եթե ոռոգման նպատակով մեզ հատկացվի, խմելու ջուրն էլ կպակասի, եթե խմելու ջուր էլ չունեցան, ի՞նչ պիտի լինի»,- ասում են բողոքավորները։

Ցուցարար գյուղացիների փոխանցմամբ, Կառնուտի ջրամաբարից ներքև գտնվող գյուղերի վարչական ղեկավարները պատրաստվում էին վաղը Երևանում հանդիպել ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հետ, սակայն մարզպետարանից նրանց փոխանցել են, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն ինքը վաղը կգա Շիրակի մարզ ու կփորձի խնդիրը լուծել։