Արցախի ՄԻՊ-ը հանդիպել է «Santé Arménie» առողջապահական նախաձեռնության ներկայացուցիչների հետ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հոկտեմբերի 28-ին հանդիպել է «Santé Arménie» առողջապահական նախաձեռնության ներկայացուցիչների հետ:

Կազմակերպությունը բժիշկների և համալսարանական հիվանդանոցների բուժաշխատողների անկախ կոլեկտիվ է, որ ձևավորվել է Արցախի դեմ սանձազերծված պատերազմի օրերին՝ պատերազմից տուժած անձանց բժշկական օժանդակություն ցուցաբերելու համար և այսօր էլ աջակցում է Արցախում և Հայաստանում առողջապահական համակարգի զարգացմանը։

Գեղամ Ստեփանյանն ընդգծել է «Santé Arménie»-ի կողմից իրականացվող աշխատանքների կարևորությունն Արցախում բնակչության առողջության պահպանման իրավունքի պատշաճ իրացմանն աջակցելու տեսանկյունից և շնորհակալություն հայտնել տարբեր ծրագրերով Արցախի կողքին լինելու համար։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախում հոգեկան առողջության պահպանման ոլորտում իրականացվող և նախատեսվող ծրագրերին՝ մատնանշելով հետպատերազմյան իրողություններով պայմանավորված դրանց կարևորությունը։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանն իր պատրաստակամությունն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում աջակցելու կազմակերպության կողմից Արցախում իրականացվող ծրագրերին։

Возможно, это изображение (4 человека, люди сидят и люди стоят)