Դրանով չի որոշվում իմ հայրենասիրությունը, կամ չի վերանում Հայաստանի Հանրապետությունը. թյուր կարծիք է. Մնացական Բիչախչյան

«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում կատարվելիք փոփոխությունները երեկ հաստատվեցին գործադիրի նիստում։ Փոփոխություններով նախատեսվում է, որ ՀՀ քաղաքացիներն անձնագրում, ըստ ցանկության, կարող են նշել կա՛մ պետությունը, կա՛մ ծննդավայրը։ Փոփոխություն է նախատեսվում նաև արական սեռի քաղաքացիներին անձնագիր տրամադրելու կարգում․նախատեսվում է այն տրամադրել ոչ թե մինչև 18 տարին, այլ՝ 19 տարին լրանալը։

Կառավարության կողմից նախագծի հաստատումից հետո սոցիալական ցանցերում նախաձեռնությունը բուռն քննադատության արժանացավ, ոմանք սկսեցին տարածել իրենց նկարները՝ գրելով, թե ՀՀ քաղաքացի են: Սակայն պատկան որևէ կառույց այդպես էլ մեկնաբանությամբ հանդես չեկավ:

«Մեդիալաբը» այս փոփոխությունների մասով պարզաբանումներ ստանալու նպատակով զրուցել է Անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանի հետ, որի պաշտոնավարման ընթացքում էլ մշակվել են վերոնշյալ փոփոխությունները։ 

– Պարո՛ն Բիչախչյան, արդյոք պետք չէ՞ր այս փոփոխություններն առավել հիմնավոր պարզաբանմամբ ներկայացնել հանրությանը, որպեսզի դրանք տարատեսակ մեկնաբանությունների ու ֆեյսբուքյան ֆլեշմոբերի տեղիք չտային։

– Կառավարության այս որոշման նախագիծ տեղեկանք-հիմնավորումը ես տեսել եմ ու չեմ կարծում, թե այդ հիմնավորումից զատ անհրաժեշտ էր այլ հիմնավորում ներկայացնել, ուղղակի սեպտեմբերյան դառը իրականությունից հետո հանրությունն ամեն ինչի նկատմամբ զգայուն է դարձել, ու ցանկացած փոփոխություն, թեկուզ դրական, այսպիսի ընդունելության է արժանանում։ 

Պրակտիկայում միշտ խնդիրներ էին առաջանում, երբ անձը դիմում էր Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար ու այնպիսի երկրում էր ծնվել, որը չճանաչված պետություն էր, կամ որոշակի կոնֆլիկտներ կան հարևան պետությունների հետ, իսկ մեզ մոտ գործող պրակտիկան այնպիսին է, որ որպես ծննդավայր նշվում էր պետությունը։ 

Դեպք եղավ, որ Երուսաղեմում ծնված անձին անձնագիր տրամադրելիս նշում էինք Իսրայելը՝ որպես ծննդավայր, իսկ քաղաքացին դեմ էր՝ ասելով, որ ինքը Պաղեստին է ճամփորդելու, խնդիրների առաջ է կանգնելու, ասում էր, որ նշենք Երուսաղեմ։ Այդ մի դեպքով ես լուծումը տվեցի, ու որպես ծննդավայր նշեցինք Երուսաղեմը։ 

Մենք արտաքին գործերի նախարարության հետ քննարկեցինք միջազգային փորձը, պարզվեց, որ շատ պետություններ կան, որտեղ ազատ է հնարավորությունը՝ կարող ենք ծննդավայր հատվածում գրել երկիրը, քաղաքը, մարզը։ Եվ նախագիծ դրեցինք շրջանառության մեջ, որ ծննդավայր տողում կարող է նշվել կա՛մ պետությունը, կա՛մ, քաղաքացու ցանկությամբ՝ քաղաքը, մարզը, գյուղը։ 

«Ծննդավայր» բառն ընդամենը ընդլայնվել է, ու հանրության մեծ մասի մոտ թյուր կարծիք է ձևավորվել, որ պետություն չի գրվելու այլևս, այլ գրվելու է քաղաք կամ գյուղ: Ո՛չ, ընտրության հնարավորությունը քաղաքացուն է տրվելու, ու այս խնդիրը հիմնականում Հայաստանում ծնվածների մոտ չի առաջանում, այս խնդիրն առաջանում է դրսում ծնվածների՝ Աբխազիա, Հարավային Օսիա, Ղրիմ, հետևաբար սա միջանկյալ լուծում է, որը նպաստում է նաև հայրենադարձությանը, շատ դեպքերում ազգությամբ հայերը չեն ցանկացել քաղաքացիություն ստանալ հենց այդ պատճառով։ Այս մասով արվող փոփոխության հիմնական նպատակը դա է։

– Իսկ նախազորակոչային տարիքի քաղաքացիներին անձնագրի տրամադրման կարգի փոփոխության նպատա՞կը որն է։

– Արական սեռի դեպքում, երբ անձնագիրը տրվում է մինչև 18 տարեկանը, մշտապես խնդիրներ էին առաջացնում։ Երբ դպրոցն ավարտում էր ու որոշ ժամանակ անց միայն զորակոչվում էր, այդ ընթացքում մնում էր առանց անձնագրի, ցանկանում էր ճամփորդել կամ այդ տարիքում դրսում կրթություն ստանալ, բայց չէր ունենում վավերական անձնագիր, հետևաբար մեկ տարի երկարացրեցինք՝ դարձնելով 19 տարեկանը, որ նրա ազատ տեղաշարժվելու իրավունքն ամբողջությամբ իրացվի։

Նաև խնդիրներ էին առաջանում, երբ անձը գտնվում էր զինծառայության մեջ, բայց ցանկանում էր դուրս գալ ու մասնակցել սպորտային կամ մշակութային միջոցառումների: Օրենքը չէր կարգավորում այդ ամենը, նախագծով նախաձեռնեցինք, որ այդ դեպքում հնարավոր լինի անձնագիրը տրամադրել պաշտպանության բնագավառի լիազոր մարմնի միջնորդության հիման վրա կոնկրետ ժամանակահատվածում։ 

Դրանք իմ պաշտոնավարման ընթացքում արված փոփոխություններն են։ Ինձանից հետո ևս մեկ դրույթով լրամշակում է կատարվել, որը ևս շատ կարևոր դրույթ է։ Պրակտիկայում միշտ խնդիր էր առաջանում, երբ անձը անգիտակից վիճակում հիվանդանոցում պառկած էր լինում, ու պետք էր նրա անձնագրավորումն ապահովել։ 

Օրենքի կարգավորմամբ՝ գործունակ քաղաքացին անձամբ է ներկայացնում դիմումը, անգործունակի դեպքում՝ օրինական ներկայացուցիչը, բայց հանկարծակի դեպքերով պայմանավորված՝ վթար է տեղի ունեցել, անձն անգիտակից պառկած է հիվանդանոցում, ինքը գործունակ է, չկա անգործունակի վճիռ, ու նրան հրատապ անձնագիր էր պետք լինում արտերկիր տեղափոխելու համար, ինչը միշտ խնդիր է առաջացրել։ Հիմա նախագծով դրույթ են ավելացրել, որ այդ դեպքերում անձնագիրը կարող են ստանալ մերձավոր ազգականի՝ հայր, մայր, քույր, եղբայր, դիմումի հիման վրա՝ ներկայացնելով բժշկական հաստատության համապատասխան փաստաթուղթը, որ տվյալ անձն անգիտակից վիճակում է, կամ բուժհաստատության ղեկավարի միջնորդության դիմումի հիման վրա կտրամադրվի անձնագիրը։ 

– Պարո՛ն Բիչախչյան, իսկ նախագծով սահմանված առաջին փոփոխությունը տարածվելո՞ւ է Արցախի Հանրապետության քաղաքացիների վրա։

– Այդ հարցն ինձ հաճախ են տալիս, բայց քանի որ այս պահին պրակտիկ աշխատող չեմ ու չգիտեմ՝ այնտեղ ինչ խնդիրներ կան այս փուլում, բայց նախագիծը քննարկելիս խորհրդարանում կարող են խմբագրել առաջարկվող փոփոխությունը ու գրել՝ բացառությամբ ՀՀ-ի: Բայց Հայաստանն այդ խնդիրը չունի, այդ խնդիրը հիմնականում առաջանում է դրսից եկածների մոտ, որոնք ցանկանում են ՀՀ քաղաքացիություն ստանալ։

– Ձեզ ճի՞շտ հասկացա, որ եթե ՀՀ քաղաքացին գնում է այլ երկիր՝ այնտեղի քաղաքացիություն ստանալու համար, ինքն այդ խնդիրը չունի, որ անձնագրում նշված է պետության անվանումը։

– Տեսեք, օրինակ՝ ես այստեղ ստանում եմ իմ անձնագիրը, որտեղ նշված է ծննդավայր՝ Հայաստանի Հանրապետություն, քանի դեռ ես հակառակը չեմ ցանկացել: Ես ծնունդով արթիկցի եմ, չեմ ուզում գրվի Արթիկ, թող մնա ՀՀ, թեպետ եթե այդ դաշտից էլ նայենք՝ գրել պետությո՞ւնը, թե՞ քաղաքը, նույնիսկ այդ պարագայում որևէ խնդիր չկա։ 

Ես ծնունդով արթիկցի եմ, ունեմ ՀՀ կապույտ անձնագիր, որի վրա կա զինանշանը ու գրված է Հայաստանի Հանրապետություն, ինչո՞ւ չուզենամ, ենթադրենք, ծննդավայր տողում ՀՀ-ի փոխարեն գրվի Արթիկ: Դրսում մարդիկ կիմանան, որ ՀՀ անձնագիր ունեցող անձը, որը ՀՀ քաղաքացի է, ծնվել է Արթիկ քաղաքում, ու Հայաստանում նման քաղաք կա։ 

Դրանով չի որոշվում իմ հայրենասիրությունը, կամ դրանով չի վերանում Հայաստանի Հանրապետությունը, որ նման մեկնաբանություններ են տալիս։ Սա հիմնականում վերաբերում է դրսից եկող անձանց, որոնք ստանում են ՀՀ քաղաքացիություն, իսկ իրենց բնակավայրը միջազգայնորեն ճանաչված չէ, ու թե ինչ պետք է նշվի դրա փոխարեն՝ սա է ամբողջ խնդիրը։ 

Քաղաքը ճանաչել-չճանաչելու խնդիր չկա, պետությունը չի ճանաչվում, այդ պետության անվանումը չի կարող նշվել, թող նշվի քաղաքը, որտեղ ծնվել է, ինչո՞ւ դա առիթ հանդիսանա, որ անձը դրա պատճառով չուզենա ՀՀ քաղաքացիություն ստանալ, ամբողջ խնդիրն այս է։

Քրիստինե Աղաբեկյան 

MediaLab.am