Հայաստանում երեխային որդեգրելիս հաշվի կառնեն նրա կարծիքը. նոր փոփոխություններ օրենքներում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Ընտանեկան օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ առաջարկող նախագծերի փաթեթ։

Այդ փոփոխությունները հիմնականում վերաբերում են որդեգրման, խնամակալության ու խնամատարության ինստիտուտին, ինչպես նաև ծնողական իրավունքների իրացմանը և երեխայի իրավունքների պաշտպանությանը։ Պատասխանատուները պարզել են՝ ոլորտում կային լուրջ բացեր ու խնդիրներ, որոնք շատ արագ լուծումներ են պահանջում։

Այսպես, առաջարկվող փոփոխություններով ներդրվում է որդեգրող ծնողի և որդեգրվող երեխայի համադրության գործընքաց: Այսինքն՝ որդեգրվող երեխան և որդեգրման ցանկություն հայտնած անձը պետք է համապատասխանեն միմյանց և որդեգրումը պետք է իրականացվի երեխայի կարիքներին համապատասխանող պայմաններ ապահովելով, իսկ այդ համապատասխանությունը պետք է որոշի հատուկ հանձնաժողովը: Համադրումն իրականացվելու է երկու փուլով՝ տեխնիկական և մասնագիտական:

«Ծնողը նշում է ցանկալի հատկանիշներ, օրինակ՝ ուզում է ունենալ երեխա, որը կլինի բաց գույնի մաշկով, բաց գույնի մազերով ու աչքերով և այլն, իսկ երբ լինում է նման երեխա, նրան հայտնում են այդ մասին: Առաջին փուլում այս համապատասխանեցումն է, իսկ երկրորդ փուլում արդեն կատարվելու է մասնագիտական ընտրություն՝ պարզելու՝ այդ երեխան կարո՞ղ է խնամվել այդ ընտանիքում, դաստիարակվել, թե՞ ոչ, կամ այդ ընտանիքն արդյո՞ք պատրաստ է այդ երեխային խնամելու ու դաստիարակելու։ Եթե պարզվի, որ պատրաստ չէ, դա դեռ մերժման հիմք չէ։ Այդ ընտանիքի հետ պետք է սկսել հատուկ աշխատանքներ իրականացնել»,- օրենսգրքում առաջարկվող հիմնական փոփոխություններն է «Մեդիալաբին» ներկայացնում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի փորձագետ, իրավաբան Դավիթ Թումասյանը:

Հստակեցվում է նաև օտարերկրյա որդեգրման գործընթացը, քանի որ կոնվենցիայի պահանջ է՝ ունենալ հավատարմագրված կազմակերպություններ, որոնց ներկայացվող պահանջներն էլ հատուկ ընդգծվել են Ընտանեկան օրենսգրքում կատարվող փոփոխություններով:

«Հավատարմագրված կազմակերպությունները միջազգային կազմակերպություններ են, որոնք արդեն իսկ գոյություն ունեն միջազգային որդեգրման ոլորտում, ուղղակի հնարավորություն է տրվում այդ կազմակերպություններին, որ նրանք ունենան հայաստանյան ներկայացուցչություն: Դա պետք է լինի շահույթ չհետապնդող մարմին, ներկայացնի ֆինանսական հաշվետվություններ և համապատասխանի օրենսգրքով նախատեսվող այլ պահանջներին»,- ներկայացնում է իրավաբանը:

Առաջարկվող մյուս փոփոխությունը վերաբերում է որդեգրվող երեխայի առողջական վիճակի մասին մասնագիտացված հանձնաժողովի կողմից կարծիք ստանալուն:

«Գործնականում լինում են իրավիճակներ, երբ երեխան ունենում է առողջական խնդիր, որը հետագայում բուժվում է, կամ հակառակը՝ ոչ պատշաճ խնամքի հետևանքով նոր խնդիրներ են առաջանում երեխայի մոտ մանկատանը:

Այսինքն՝ առողջական վիճակի վերաբերյալ պարբերաբար տեղեկություն տրամադրելը խիստ անհրաժեշտ է լինելու որդեգրման ենթակա երեխայի առնչությամբ և նպատակ ունի կանխելու հնարավոր չարաշահումները, որովհետև չի բացառվում՝ շահադիտական նպատակներով ինչ-որ հիվանդանոցում գրեն՝ երեխան հիվանդ է, իսկ հիվանդ երեխան, որպես կանոն, ներպետական որդեգրման չի վերցվում, և մնում է միայն միջազգային որդեգրումը: Ի հետևանք վտանգ է ստեղծվում, որ առողջ երեխան ակամա կհանձնվի օտարերկրյա որդեգրման: Բժշկական հետազոտությունը լինելու է այն վերջնական փուլը, որը հերքելու կամ հաստատելու է հիվանդանոցի կողմից երեխայի առողջության վերաբերյալ նախնական տված դիրքորոշումը»,-ասում է Թումասյանը:

Նրա խոսքով՝ օրենսգրքում փոփոխությունների հիմնական սկզբունքը երեխայի լավագույն շահն է, այնուհետև՝ ընտանիքում երեխայի ապրելու իրավունքի իրացումը կամ առհասարակ ընտանեկան միջավայրում երեխայի խնամքը կազմակերպելը, ինչի առնչությամբ վերանայվել են խնամատարությանը վերաբերող որոշ կարգավորումներ:

Բացի խնամատարությունից, ըստ Թումասյանի, փոփոխություններ են կատարվել երեխայի կարծիքը լսելու ուղղությամբ. «Ներկայումս երեխայի կարծիքը պետք է հաշվի առնվի առհասարակ նրա տարիքին և հասունությանը համապատասխան և նշված են իրավիճակներ, որ տասը տարեկան երեխայի կարծիքը պարտադիր է կոնկրետ դեպքերում, օրինակ՝ համաձա՞յն է անունը փոխվի, համաձա՞յն է որդեգրվի և այլն:

Այժմ կատարվող փոփոխություններով այդ նորմերը վերացվել են, և տարիքային սահմանափակումն է վերանայվել: Այդ նորմը ձևակերպվում է այսպես՝ երեխայի կարծիքը հաշվի է առնվում նրա տարիքին և զարգացվածության մակարդակին համապատասխան, որը հաշվի է առնվելու մանկական հոգեբանի, մանկավարժի կամ սոցիալական աշխատողի մասնագիտական կարծիքի հիման վրա»:

Կարևոր քայլ է նաև այն, որ երեխայի խնամք և դաստիարակություն իրականացնող կազմակերպությունները պետք է անցնեն պարտադիր լիցենզավորման ընթացակարգ:

Իրավաբանն ասում է՝ հանրային քննարկման ներկայացված փոփոխությունները պետք է ընդունվեն, որպեսզի պետությունը կարողանա յուրաքանչյուր երեխայի համար ստեղծել ավելի ապահով ու բարեկեցիկ միջավայր։

Հանրային քննարկման ներկայացված Ընտանեկան օրենսգրքում և հարակից օրենքների նախագծերի փաթեթը շուտով կներկայացվի կառավարություն, իսկ հետո միայն շրջանառության մեջ կդրվի խորհրդարանում: Ակնկալվում է, որ այն կընդունվի մինչև տարեվերջ:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am