Երեկ՝ հուլիսի 4-ին, Սոչիի Ադլեր հայաշատ համայնքում հորդառատ անձրև է տեղացել, որի հետևանքով փողոցներ են հեղեղվել, ծառեր են կոտրվել, գրում է Factor.am-ը։
Սոչիի շրջանում Խորոտա և Մացեստա գետերի ջրի մակարդակը հասել է կրիտիկականի, բնակիչներին խնդրում են հավաքել անհրաժեշտ իրերը՝ հնարավոր տարհանմանը պատրաստ լինելու համար։
Factor.am-ը Սոչիում Հայաստանի հյուպատոսությունից փորձեց պարզել՝ արդյոք տեղի հայերը պատրաստ են տարհանվել․ հյուպատոսության հետ կապ հաստատել չհաջողվեց, սակայն զրուցեցինք համայնքի բնակիչներից մեկի հետ։ Ադլերի բնակչուհի Սյուզաննա Թադևոսյանը Factor.am-ին հայտնեց, որ իրենք ծանուցում չեն ստացել տարհանման վերաբերյալ, փոխարենը ծանուցվել են, որ հեղեղն ու փոթորիկը տևելու են 4 օր շարունակ ։
««Կուդեպստա» հանգստյան գոտում, որը հայաշատ է, հեղեղը երեկ տներ է քշել-տարել»,- ասաց Սյուզանան՝ հավելելով, որ այլ մանրամասներ չգիտի։ Սյուզաննան ընդգծեց, որ եթե հայտարարեն տարհանման մասին, իրենք, իհարկե, կլքեն տեղանքը, իսկ գետերի ափերին մոտ բնակվողներին արդեն իսկ հեռացնում են տարածքից։