Ընթանում են «Ճանապարհաշինարարներ» և «Արձագանք» մոնումենտալ քանդակների վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքները

ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի վարչական տարածքում (Երևան-Սևան մայրուղի) 1978 թվականին տեղադրվել է Ճանապարհաշինարարներ կամ Անվերջության ժապավեն մոնումենտալ քանդակը, որի հեղինակն է քանդակագործ Դավիթ Բեջանյանը: Քանդակը բաղկացած էր 2 կոմպոզիցիոն տարրերից՝ ժապավենից և տղամարդու ու կնոջ ֆիգուրներից:

Նույն մարզի Բյուրեղավան համայնքի տարածքում 1980 թվականին տեղադրվել է քանդակագործ Խաչատուր Հակոբյանի Արձագանք մոնումենտալ քանդակը՝ թիկնած մերկ աղջկա ֆիգուր՝ դեպի վեր ուղղված գլխով:

Նշյալ քանդակները ժամանակի ընթացքում բազմիցս վանդալիզմի զոհ են դարձել, վերականգնվել են, կրկին ենթարկվել վանդալիզմի ու կրել վնասներ կլիմայի փոփոխության հետևանքով, ինչն առիթ է հանդիսացել, որ 2014 թվականին քանդակագործ Դավիթ Բեջանյանի Ճանապարհաշինարարներ քանդակն արժևորվի և ստանա նորահայտ հուշարձանի կարգավիճակ:

2019 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պետական միջոցների հաշվին մրցութային կարգով պատվիրակել և իրականացրել է վերոնշյալ մոնումենտալ քանդակների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը:

2021 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրակությամբ պետական միջոցներով սկսել են ընթանալ վերոնշյալ քանդակների վերականգնման, ինչպես նաև տարածքների բարեկարգման աշխատանքները (մրցութային կարգով): 

Քանդակագործ Դավիթ Բեջանյանի Ճանապարհաշինարարներ քանդակի վերականգնումը հեղինակի ժառանգների ցանկությամբ ու համաձայնությամբ իրականացնում է երիտասարդ քանդակագործ Ռաֆայել Մանուկյանը:

Վերոնշյալ աշխատանքներն իրականացվում են լիազորված մարմնի հսկողությամբ և նախատեսվում են ավարտել մինչև ընթացիկ տարվա վերջ, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։