Մինչև ս.թ. հուլիսի 17-ը Սահմանադրական դատարանը հրապարակելու է հետևյալ որոշումներից մեկը․ Նորիկյանի գրառումը

Արդար Հայաստան կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սահմանադրական դատարանի մասին» Սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 15-րդ կետի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճերի լուծման գործերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո:

Նկատի ունենալով, որ թվով 4 քաղաքական ուժերի կողմից ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու և այլ պահանջներով դիմումները ներկայացվել են Սահմանադրական դատարան ս.թ. հուլիսի 2-ին, հետևաբար՝ մինչև ս.թ. հուլիսի 17-ը Սահմանադրական դատարանը հրապարակելու է հետևյալ որոշումներից մեկը՝

1) Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը թողնել ուժի մեջ.

2) անվավեր ճանաչել Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը և

ա. անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները,

բ. անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և սահմանել մանդատների բաշխման կարգը,

գ. նշանակել ընտրությունների երկրորդ փուլ:

Եթե Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը թողնվի ուժի մեջ, ուրեմն ՀՀ սահմանադրության 90-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ Արտահերթ ընտրության դեպքում գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում, և նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին: