«Քեթրինին» ձեռնոց նետած «Տրոպիկան» սնանկացել է․ բանանային պատմություն․ FIP.am

2016-2017 թվականներից բանանի շուկա մուտք գործած «Տրոպիկա» ընկերությունը, որը մարտահրավեր էր նետել բանանի շուկայում գերիշխող Միհրան Պողոսյանի «Քեթրին գրուպին», սնանկացել է։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական հարթակից։ Ընկերության հիմնադիրն ու բաժնետերը գործարար, մարքեթոլոգ Վահրամ Միրաքյանն էր։ 

Ինչպե՞ս ստեղծվեց «Տրոպիկան»

Տարիներ շարունակ մամուլում ահազանգ էր հնչում, որ բանանի շուկան մենաշնորհացված է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին գրուպի» կողմից, և ապրանքի ներկրումը խոչընդոտվում է։ 2013 թվականին, օրինակ, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը բանանի ապրանքային շուկայում «Քեթրին գրուպին» համարել էր գերիշխող դիրք ունեցող, քանի որ ընկերությունն իրացման ծավալներով շուկայում 51 տոկոսից ավելի մասնաբաժին ուներ։ Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն այդ պաշտոնը ստանձնելուց հետո լրատվամիջոցներին ասել էր, որ Հայաստանում ցանկացած ոք ցանկացած ապրանք կարող է ներկրել։

Այս հայտարարությունից հետո Վահրամ Միրաքյանը որոշել էր 10 տոննա բանան ներկրել՝ ցույց տալով, թե ինչ խնդիրներ կան բանանի շուկայում։ Այն ներկրվում էր Էկվադորից։ Ապրանքի ներկրումը նախ ձգձգվեց Վերին Լարսի անցակետում եղանակային պայմանների պատճառով, իսկ հետագայում Միրաքյանն ահազանգել էր, որ բանանի պահման սառնարանների կոմպրեսորների վրա անհայտ անձինք քայքայող նյութեր են լցրել, ու դա արել են այն մարդիկ, որոնց խանգարում է իր բիզնեսը։

Հետագայում «Տրոպիկայի» գործունեության հետ կապված այլ խնդիրների մասին, կարծես, չէր բարձրաձայնվում, ու ընկերությունը կարողանում էր ներմուծում իրականացնել։ 

«Տրոպիկան»՝ անկման մեջ 

«Տրոպիկան» հիմնվել է 2016-ի թվականին նոյեմբերին՝ «Արթին ինվեստ» անունով (այն «Տրոպիկա» էր անվանափոխվել հետագայում): Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ ընկերության միակ բաժնետերն ու տնօրենը Վահրամ Միրաքյանն էր։ 2017-2018 թվականներին Միրաքյանն իր բաժնեմասերը կիսել էր «Տ-Կապիտալ» ընկերության հետ, իսկ 2018-2019 թվականերին «Տրոպիկայի» բաժնեմասերի 50 տոկոսն անցել էր «Տեքս» ՓԲԸ-ին, որի սեփականատերը գործարար Վարդան Վարդանյանն է։ Ներկայում Վահրամ Միրաքյանն ընկերությունում ունի 50 տոկոս մասնակցություն, իսկ մյուս 50 տոկոսը պատկանում է Ռաֆայել Մանուկյանին, որը «Արարատ տրանս» բեռնափոխադրող ընկերության հիմնադիրն ու տնօրենն է։ 

2019 թվականի ապրիլին «Փաստերի ստուգման հարթակն» անդրադարձել էր հեղափոխությունից հետո բանանի շուկայի վերաձևումներին։ 2018 թվականին բանանի ներմուծման ծավալը հասել էր 24,000 տոննայի, ներմուծող նոր ընկերություններ էին հայտնվել։ «Տրոպիկան», ըստ այդ տվյալների, եթե 2017 թվականին ներմուծել էր 1414 տոննա բանան, ապա 2018 թվականին այդ թիվը հասել էր 3347-ի, ու «Տրոպիկայի» իրացման ծավալները կազմել էին շուկայի մոտ 15 տոկոսը։ 

«Դատալեքս» տեղեկատվական հարթակից տեղեկանում ենք, որ ընկերությունը մայիսին դիմել է սնանկության դատարան՝ իրեն սնանկ ճանաչելու համար։ Մայիսի 27-ին դատարանը բավարարել է բողոքն, ու «Տրոպիկան» ճանաչվել է սնանկ։ Ըստ գործի նյութերի՝ ընկերությունը 2019 թվականին «ՎՏԲ Հայաստանի» և «Արմսվիսբանկի» հետ կնքել է մի շարք խոշոր վարկային պայմանագրեր։ 19.7 միլիոն դրամի փոխառության պայմանագիր է կնքվել քաղաքացի Անդրանիկ Նավասարդյանի հետ, 15 միլիոն դրամ և 40.000 դոլարի փոխառություն «Տրոպիկային» տվել է ընկերության հիմնադիր, բաժնետեր ու տնօրեն Վահրամ Միրաքյանը, իսկ 68.500 դոլար՝ մյուս բաժնետեր Ռաֆայել Մանուկյանը։ 

Ըստ սնանկության դատարանի՝ «Տրոպիկայի» պարտավորությունները կազմել են 210 միլիոն դրամ՝ «ՎՏԲ-Հայաստան» բանկի տրամադրած վարկի դիմաց, 25.3 միլիոն՝ «Արմսվիսբանկի» տրամադրած վարկի դիմաց։ Ընդհանուր առմամբ, ընկերության պարտավորությունները կազմել են 270 միլիոն դրամ և 108,500 դոլար։ «Տրոպիկայի» վնասներն անցյալ տարեվերջի դրությամբ գերազանցել են 313 միլիոն դրամը, բանան ներկրող ընկերությունը շարժական կամ անշարժ գույք չի ունեցել։ «Ազդարար» հրապարակային ծանուցումների կայքից նաև տեղեկանում ենք, որ անցյալ տարվա սեպտեմբերի դրությամբ ընկերությունը նաև հարկային պարտքեր էր կուտակել՝ ավելի քան 3 միլիոն դրամի չափով։  

«Տրոպիկայի» վճարած հարկերի դինամիկան ևս վկայում է ընկերության վատթար վիճակի մասին։ 2017 թվականին ընկերությունը վճարել է մոտ 135 միլիոն դրամ հարկ, 2018-ին՝ ավելի քան 301 միլիոն դրամ։ 2019 թվականին ընկերության վճարած հարկերը կտրուկ նվազել են մոտ 100 միլիոնով ու կազմել 204 միլիոն դրամ, իսկ 2020-ին՝ 205 միլիոն։ Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով «Տրոպիկան» 1000 խոշոր հարկատուների ցանկում չի եղել։ Ըստ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տվյալների՝ անցյալ տարվա նոյեմբերի դրությամբ ընկերությունն ունեցել է 9 աշխատակից։ 

2018 թվականին Միրաքյանը հիմնել էր մեկ այլ ընկերություն ևս՝ «Յունիֆրութը»: Նա այստեղ միանձնյա բաժնետեր է։ Ընկերությունը ևս զբաղվում է բանանի ներկրմամբ ու 2018-ի դրությամբ շուկայի 1.4 տոկոսն էր զբաղեցնում՝ այդ տարի ներկրելով 328 տոննա բանան։ 2018 և 2019 թվականներին «Յունիֆրութը» հարկային վնասներ հայտարարագրած ընկերությունների ցանկում էր։

«Փաստերի ստուգման հարթակի» հետ Միրաքյանը չցանկացավ խոսել իր ընկերության սնանկացման մասին։ 

Նշենք, որ Միրաքյանը, բացի այս ամենը, հանդիսանում է «Մանթաշով» գործարարների միության համահիմնադիր-նախագահ, «Չոր մարքեթինգ» դասընթացների հեղինակն է, նաև տրամադրում է բիզնես խորհրդատվություններ՝ բիզնեսի ընդլայնման, հաջողությունների ու վաճառքի վերաբերյալ։ 

Փաստերի ստուգման հարթակ