Օդի ջերմաստիճանը կբարձրանա 14-16 աստիճանով

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են․

Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 16-20-ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 14-16 աստիճանով, հուլիսի 19-21-ն Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40․․․+42 աստիճանի։

Մայրաքաղաքի առանձին հատվածներում այսօր ցերեկը հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վ։ Հուլիսի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերում այսօր, հուլիսի 18-ին կեսօրից հետո՝ առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ։ Հուլիսի 17-ին, 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-20-ը ցերեկն աստիճանաբար կբարձրանա 14-16 աստիճանով։

Արցախում այսօր սպասվում են անձրև և ամպրոպ, վաղը՝ առանց տեղումների եղանակ: