Խաչատուր Սուքիասյանի եղբորը կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ Factor.am

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորական թեկնածու Խաչատուր Սուքիասյանի եղբորը՝ Ռոբերտ Սուքիասյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործելով առարկաների գործադրմամբ):

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը: «Այս պահին դատարան միջնորդություն է ներկայացվել Ռոբերտ Սուքիասյանի խափանման միջոցը որպես կալանք կիրառելու վերաբերյալ: Մանրամասների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- նշեց Թադևոսյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, կրակոցներ էին հնչել Ամիրյան փողոցում։ Հրազենային վիրավորում էր ստացել ԱՄՆ քաղաքացի։ Երեկ հարուցված քրեական գործի շրջանակում Ռոբերտ Սուքիասյանը ձերբակալվել է։

Դեպքի առնչությամբ հայտարարություն էր տարածել Խաչատուր Սուքիասյանը՝ նշելով, որ բոլորն օրենքի առաջ հավասար են:  «Երևանի կենտրոնում տեղի ունեցած տհաճ և անթույլատրելի միջադեպն ինձ համար անընդունելի է: Հարաբերությունների պարզման նման բարքը դատապարտելի է: Թե ինչ է տեղի ունեցել իրականում, ավելի ճիշտ կհայտնեն ՀՀ իրավապահ համակարգի ներկայացուցիչները՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելուց հետո»,- մասնավորապես գրել էր Սուքիասյանը: