ԱՄՆ դեսպանությունն անհանգստացած է Երասխում գրանցված միջադեպերի կապակցությամբ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հայտարարությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ․

«ԱՄՆ դեսպանությունն անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով, մասնավորապես՝ Երասխ/Սադարակի մերձակայքում գրանցված միջադեպերի կապակցությամբ: Մենք կոչ ենք անում կողմերին՝ արագ և խաղաղորեն ապաէսկալացնել լարվածությունը և տարածք ստեղծել բովանդակային բանակցությունները վերսկսելու համար»,- ասված է ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարության մեջ:

ՀՀ ՊՆ-ից ավելի վաղ հայտնել են, որ հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:

Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։