ԼՂ-ում շինարարության ծավալներն այնքան մեծ են, որ աշխատուժի պակաս է զգացվում․ «Կոմերսանտ»-ի անդրադարձը.Factor

Factor.am-ը գրում է.

Հայաստանի կառավարությունը, հիմնադրամները, անհատ բարերարները գումարներ են հատկացնում՝ Լեռնային Ղարաբաղում նոր տներ կառուցելու նրանց համար, որոնց գյուղերն անցել են ադրբեջանական վերահսկողության տակ։

Այս մասին գրում է ռուսական «Կոմերսանտ»-ը՝ անդրադառնալով Արցախում տեղի ունեցող լայնածավալ շինարարական աշխատանքներին։ Հրապարակման մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հայաբնակ հատվածն աստիճանաբար ուշքի է գալիս 2020 թվականի աշնան պատերազմի կորուստներից հետո։

Չճանաչված հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում պատերազմի հետքերը գրեթե չեն երևում։ Միաժամանակ, քաղաքի ծայրամասերում և դրանից դուրս նույնիսկ նոր թաղամասեր են կառուցվում տեղահանվածների համար, որոնց տները մնացել են ադրբեջանական վերահսկողության տակ։

Սակայն, ըստ հոդվածագրի, հումանիտար ճգնաժամն իրեն զգացնել տալիս է՝ մոտ 30․000 մարդ բնակարանի կարիք ունի, սա այն դեպքում, երբ Հանրապետության բնակչության թիվը 150․000 է։

Հիմա արդեն Ղարաբաղում 2․500 բնակարան է կառուցվում, մոտ ժամանակներում ևս այդքանն էլ նախատեսվում է կառուցել։ Ապաստան չունեցող մարդկանց մեծ մասը Հադրութի և Շուշիի բնակիչներն են։ Իրենց տները ստիպված լքել են նաև Ակնայի (Աղդամ), Բերձորի (Լաչին), Քարվաճառի (Քելբաջար) բնակիչները։

Լրատվամիջոցը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի՝ բնակարանի կարիք ունեցող հայերը հիմա ժամանակավորապես ապրում են Ստեփանակերտի արվարձաններում և Հայաստանի մի շարք քաղաքներում։

Բացի այդ, Արցախի մայրաքաղաքից ոչ հեռու մեկ ամսից ավելի է՝ կառուցվում է նոր գյուղ՝ Աստղաշեն անունով։ Այստեղ նախատեսվում է 4 գյուղերի տեղահանվածների համար 170 տուն կառուցել։

Շինարարությունում էլ հաճախ աշխատում են հենց այն մարդիկ, որոնց հատկացվելու են կառուցվող տները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում