Արցախ է վերադարձել ավելի քան 100 հազար մարդ. Իլհամ Ալիևը սխալ է․ FIP.am

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 22-ին Azerbaijan TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո ապրում է ընդամենը 25 հազար մարդ: 

Անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածաշրջանային այցին և ԼՂ կարգավիճակի շուրջ խոսակցություններին՝ Ալիևը, մասնավորապես, նշել է. «Մենք ունենք բավականին լայն և բազմակողմանի տեղեկություն այնտեղ (Լեռնային Ղարաբաղում-խմբ.) կատարվող գործընթացների մասին: … Այնտեղ ապրողների իրական թիվը 25 հազար է: Այլ թվեր էլ են նշվել, թե իբր պատերազմից հետո այնտեղ վերադարձել է 50 հազար մարդ: Հնարավոր է, բայց վերադառնալ չի նշանակում այնտեղ մնալ»,- ասել է Ալիևը՝ եզրակացնելով, որ անտրամաբանական է 25 հազար մարդու համար կարգավիճակ քննարկելը:

«Փաստերի ստուգմանը հարթակն» ուսումնասիրել է Ալիևի այս պնդումները:

Նշենք, որ ռուսական խաղաղապահ զորախումբը պարբերաբար թվեր է ներկայացնում Արցախ վերադարձած քաղաքացիների մասին:

Այդպես, ըստ այդ տվյալների, դեռևս փետրվարին ավելի քանի 52 հազար անձ վերադարձել էր Արցախ: Հատկանշական է, որ շատ քաղաքացիներ վերադարձել են նաև Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհով (մինչև տարածքի հանձնումը Ադրբեջանին), որտեղ այդ պահին ռուս խաղաղապահներ չեն եղել: 

Հատկանշական է, որ նույն շրջանում Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունն այլ տվյալներ է հայտնել։ Ըստ դրանց՝  Արցախ է վերադարձել մոտ 100 հազար մարդ։ Նախարար Մանե Թանդիլյանի խոսքով՝ տարբերության պատճառն այն է, որ խաղաղապահների հրապարակած տվյալները ձևավորվում են ավտոբուսներով վերադարձողների վիճակագրության հիման վրա:

«Վերադարձողների մի  մասը սեփական ավտոմեքենաներով է եկել, որոնց տվյալներն այդ թվերում չեն արտացոլվել: Հայաստանի Հանրապետությունում  այս պահի դրությամբ մեծ մասամբ բնակվում են ադրբեջանական վերահսկողության ներքո անցած բնակավայրերից տեղահանված  արցախցիներ: Տեղահանվածների մոտ 60 տոկոսը նույնպես վերադարձել է Արցախ»,- նշել է Թանդիլյանը:

FIP.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը հայտնեց, որ այս պահին Արցախում փաստացի բնակվում է 120 հազար քաղաքացի։

Այսպիսով, Ալիևի պնդումը, թե Արցախում ներկայումս ապրում է 25 հազար մարդ, չի համապատասխանում իրականությանը, քանի որ դեռևս փետրվարին ռուս խաղաղապահների տվյալներով հայրենիք էր վերադարձել 52 հազար մարդ, իսկ Արցախի պաշտոնական տվյալներով՝ Արցախ է վերադարձել և փաստացի ապրում ավելի քան 100 հազար մարդ։

Փաստերի ստուգման հարթակ