Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը՝ կայուն է․ Վարդենիսի քաղաքապետ․ Factor.am

«Այս պահին իրավիճակը համեմատաբար հանդարտ է»,- այս մասին ժամը 10։30 դրությամբ Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը։ Վերջինիս խոսքով՝ կրակոցները սկսվել են Սոթքի, ապա շարունակվել Վերին Շորժայի ուղղությամբ։

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ փոխհրաձգության հետևանքով՝ 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, մեկ անհետ կորած և երկու վիրավոր։ Վիրավորներն այս պահին Գեղարքունիքի կայազորային հոսպիտալում են:

«Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը կայուն է»,- նշեց Մելքոնյանը։ Հիշեցնենք, որ ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում:

«Հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, իրականացնում են յուրային դիրքերի պաշտպանություն՝ թույլ չտալով հակառակորդի առաջխաղացումը»,- ասված է ՊՆ պաշտոնական հաղորդագրության մեջ։