Թուրքիայում անտառային հրդեհները աննախադեպ չափերի են հասել. 23 նահանգում 63 հրդեհի օջախ (լուսանկարներ)

Վերջին երկու օրվա ընթացքում անտառային հրդեհներ են բռնկվել Թուրքիայի 23 տարբեր նահանգներում, գրում է Ermenihaber.am-ը:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 3 հրշեջ ինքնաթիռ, 9 ԱԹՍ, 38 հրշեջ ուղղաթիռ, 620 հրշեջ մեքենա, բազմաթիվ ջուր տեղափոխող մեքենաներ ու տանկերներ, տրակտորներ, ջրցան մեքենաներ և այլն: Ավելի քան 4 հազար հրշեջներին միացել են նաև բազմաթիվ բնակիչեր ու բանակային որոշ ստորաբաժանումներ:

Ընդհանուր առմամբ հրդեհի 63 օջախները առավել մեծ վնաս հասցրել են Էգեյան ու Միջերկրական ծովերի առափնյա հանգստավայրային գոտիներին: Այս պահին 42 հրդեհ հաջողվել է մեկուսացնել, ևս 21 հրդեհի օջախներ շարունակվում են տարածվել Ադանա (6 օջախ), Օսմանիյե (2 օջախ), Անթալիա (4 օջախ), Մերսին (4 օջախ)  Մուղլա (3 օջախ) , Կայսերի (1 օջախ), Մանիսա (1 օջախ):

Այս պահի տվյալներով հրդեհի հետևանքով մահացել է Թուրքիայի 4 քաղաքացի, 58-ն էլ տարբեր վնասվածքներով ու այրվածքնրով հոսպիտալացված են: Բազմաթիվ բնակավայրերից հարյուրավոր բնակիչներ տարհանվել են: Հրդեհներին մոտ գտնվող հյուրանոցներից ավելի անվտանգ վայրեր են տեղափոխվել մի քանի հազար տեղացի ու օտարերկրացի զբոսաշրջիկ: Հրդեհների պատճառած նյութական վնասների մասին ամբողջական տեղեկություն դեռ չի հաղորդվում: