Ոստիկանությունը՝ 28-ամյա երիտասարդի սպանության դեպքի մասին․ տեսանյութ

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 10-ին Լեոյի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել ու ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման է ենթարկվել մայրաքաղաքի Սայաթ-Նովայի փողոցում հաշվառված մի տղամարդ։

31-ամյա տղամարդը նախորդ տարվա հունիսից հետախուզվում էր սպանության և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։

Բերման ենթարկվելուց րոպեներ առաջ 31-ամյա տղամարդը պատշգամբից բակ էր նետել «Մակարով» ատրճանակ, որը հայտնաբերվել է, իսկ նրա վարձակալած բնակարանում հայտնաբերվել է հրազեն։ Հիշեցնենք, որ հունիսի  9-ին, ժամը 17.15-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում էր ստացվել, որ Մայիսի 9-ի փողոցում կրակոցներ են հնչել։

Րոպեներ անց հաղորդում էր ստացվել արդեն «Շենգավիթ» բժշկական կենտրոնից. հրազենային վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 28-ամյա երիտասարդ, որը մահացել էր։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը հայտնաբերել էին տարբեր հրազենների պարկուճներ, գնդակներ և այլն։ Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկվել էին համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ, որոնց արդյունքում պարզվել էին դեպքի հանգամանքները, ութ անձի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։ Հետախուզվողներից 7-ը հայտնաբերվել են։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են՝ առանձնապես ծանր հանցագործությանը օժանդակելու մեղադրանքով հետախուզվող անձին հայտնաբերելու ուղղությամբ։