14 օրվա ընթացքում առնվազն առաջին շրջափուլում չընտրվելու կանխավարկածով որպես վարչապետի թեկնածու առաջադրվելը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ոչ թե քաղաքական, այլ իրավական հարց է համարում։
եթե խորհրդարանը 2 անգամ անընդմեջ չընտրի նոր վարչապետ, ապա իրավունքի ուժով ԱԺ-ն կարձակվի։
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ , Սահմանադրության այս հոդվածը որոշ իրավաբանների մոտ տարընթերցման տեղիք է տվել: Մի մասը կարծում է, որ անհրաժեշտ է ոչ թե 2 անգամ ընդհանրապես չառաջադրել վարչապետի թեկնածու, այլ կիրառել առաջադրելու, բայց չընտրելու տարբերակը:
Փաշինյանն ասել է, որ երեկ տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում հեղինակավոր իրավաբանների մեծ մասն ասում էր, որ առաջադրվելու անհրաժեշտությունը չկա, բայց դեռ կային նաև իրավաբաններ, ովքեր ասում էին, որ ամեն դեպքում ճիշտ է այդ սցենարը։
«Նկատի ունեմ, որ այստեղ քաղաքական հարց չկա, որ ասեմ՝ մեր քաղաքական դիրքորոշումը սա է, իրավաբանների խնդիրն է։ ճիշտ է՝ վերջում բանավեճերի արդյունքում կայացվելու է քաղաքական որոշում, սակայն հարցը քաղաքական ենթատեքստ չունի»:
Փաշինյանն ասել է, որ մեծ է հավանականությունը, (իրավաբանների խորհուրդն է նաև այդպիսին), որ այս 14 օրվա ընթացքում առնվազն առաջին շրջափուլում որպես վարչապետի թեկնածու առաջադրվի, որպեսզի պրոցեսն ամբողջությամբ համապատասխանի օրենքի տառին և ոգուն՝ իհարկե, չընտրվելու կանխավարկածով:
«Եվ այդ հարցով նույնպես կուզենայի մենք քննարկենք, նախապես պայմանավորվածություններ ձեռք բերենք, և իհարկե ընթացիկ քաղաքական իրավիճակը քննարկենք»,- ասել է Փաշինյանը: