«Հեռացող դեսպանի հայտարարությունը կարող ենք համարել հեռացող դեսպանի հայտարարություն»:
«Հայկական Ժամանակ»-ի փոխանցմամբ լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Հայաստանում ԱՄՆ արդեն նախկին դեսպան Ռիչարդ Միլսի վերջին հարցազրույցը:
«Մենք մեր դիրքորոշումը հստակ հայտարարել ենք»,- ասել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ հեռացող դեսպանն օրերս EVN Report-ին տված հարցազրույցում ասել էր, թե ԼՂ հարցում դաժան իրականությունն այն է, որ «ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձ»:
Հեռացող դեսպանն ասել էր, թե զարմացած էր, երբ առաջին անգամ Հայաստան գալով պարզել էր, որ հայերի մեծամասնությունը կտրականապես դեմ է եղել տարածքների վերադարձին` որպես բանակցային գործընթացի մի մաս:
«Ինձ զարմացնում է այն փաստը, որ Հայաստանում գրեթե քննարկում չկա ընդունելի լուծման կամ հնարավոր փոխզիջումների մասին: Իմ կառավարության երկար տարիների ընկալումն այն էր, որ այդ տարածքներն ի սկզբանե վերցվել էին հետագայում` «Հող՝ խաղաղության դիմաց» բանաձեւում օգտագործվելու համար»- ասել էր դեսպանը: