Ռազմական գործողություններին մասնակցած և վիրավորում ստացած զինծառայողների մասնակցությամբ նախատեսվում է ձևավորել հենակներով ֆուտբոլի ազգային հավաքական

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ՝ տեղի է ունեցել հանդիպում 2020 թ․ ռազմական գործողություններին մասնակցած և վիրավորում ստացած զինծառայողների հետ, որը վարել է Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսը։

Հանդիպմանը մասնակցել են նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է հենակներով ֆուտբոլ սպորտաձևի առանձնահատկությունները և քննարկվել տղաների ներգրավվմամբ ազգային հավաքական ձևավորելու հնարավորությունները։

Շնորհակալություն հայտնելով վերջիններիս պատերազմի ընթացքում դրսևորած կամքի համար՝ Խոակին Կապառոսը նշել է՝ պատերազմի օրերին դաշտում կռվող տղաներն են եղել հավաքականի մոտիվացիայի աղբյուրը, ինչի շնորհիվ էլ խաղադաշտում դրական արդյունքներ են գրանցել։

«Դուք երիտասարդ եք և պետք է միշտ լավատես լինեք։ Պետք է կամքի ուժ ունենալ և բոլորին ցույց տալ, որ կարող եք անել այն, ինչ ուզում եք։ Մեր հասարակությունը պարտք է ձեզ, և ձեզ պետք է տրվի բոլոր հնարավորությունները երջանիկ զգալու համար»,- նշել է Կապառոսը։

Նախարար Նարեկ Մկրտչյանն իր խոսքում կարևորել է պատերազմի մասնակիցների առողջության վերականգնմանն ուղղված միջոցառումները, այդ թվում նաև սպորտով զբաղվելու հնարավորությունների ստեղծումը։

«Թե՛ պատերազմի ընթացքում և թե՛ պատերազմից հետո նախարարությունն անում է ամենը՝ ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած տղաներին բնականոն կյանք վերադարձնելու ուղղությամբ։ Քայլեր են ձեռնարկվում վերջիններիս բազմաֆունկցիոնալ աջակցող միջոցներով ապահովելու համար։ Այս համատեքստում կարևորում ենք նաև սպորտի միջոցով առկա խնդիրները շրջանցելու հեռանկարը։ Շատ կարևոր է վերջիններիս հնարավորություն ընձեռել նախընտրելի սպորտաձևում ինքնադրսևորվելու համար»,- նշել է նախարարն ու կոչ արել 2020 թ․ ռազմական գործողություններին մասնակցած, վիրավորում ստացած և սպորտով հետաքրքրված բոլոր տղաներին միանալ նախաձեռնությանն ու ընդգրկվել հենակներով ֆուտբոլի ձևավորվելիք թիմում։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը ևս, կարևորելով սպորտի դերն, ընդգծել է՝ «ֆուտբոլը բոլորի համար է» հայտնի կարգախոսի կարևորությունը և վստահություն հայտնել, որ առաջիկայում ձևավորվելիք ֆուտբոլային թիմը հաջողություններ կարձանագրի։

Կապառոսի նախաձեռնությամբ՝ Տոկիոյում պարալիմպիկ խաղերի երկու մասնակիցներ՝ թենիսիստ Դանիել Կավերզասկին և լողորդ Թերեզա Պերալեսը հանդիպման ընթացքում տեսաուղերձով դիմել են տղաներին և սեփական օրինակով վստահեցրել՝ նպատակ ունենալու դեպքում անհնարինը դառնում է հնարավոր։