Վարդան Ղուկասյանի որդին չի կալանավորվի․ Factor.am

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ որոշում կայացրեց մերժել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ կիրառել խափանման միջոց կալանավորումը, գրում է Factor.am-ը։

Factor.am-ն արդեն գրել էր, որ քննչական մարմնի՝ երեկ տարածած հաղորդագրության համաձայն՝ Գյումրիի նախկին քաղաքապետի որդին ձերբակալվել է Գյումրիի մի բնակչուհու դիմումի հիման վրա: Վերջինս տեղեկացրել է, որ Սպարտակ Ղուկասյանը օրեր առաջ երեք-չորս տղամարդկանց հետ մտել է իր տան բակ՝ իր թոռան հետ պարզաբանումներ կատարելու նպատակով։

Դրանից հետո ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցները, քաղաքացու դիմումում մատնանշված հանգամանքներն ստուգելու նպատակով, այցելել են Գյումրու նախկին քաղաքապետի բնակության վայր, սակայն Սպարտակ Ղուկասյանը նախ հրաժարվել է տան դուռը բացել, այնուհետև՝ ժամեր անց, զանգահարել է Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին, սպառնացել բռնություն գործադրել նրա նկատմամբ` կապված վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ:

Ղուկասյանը ձերբակալվել էր երեկ։ Կալանավորման միջնորդություն ներկայացրել էր քննչական մարմինը։