«Մեկ օրում երկրաշարժի 50 հետցնցում է տեղի ունեցել». ըստ մասնագետի՝ շառլատանություն կլինի, եթե գտնվեն մարդիկ, որոնք կանխատեսեն երկրաշարժը

Վերջին մեկ օրում նույն վայրում՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13-14 կմ հյուսիս-արևելք, տարբեր ժամերի մի քանի անգամ գրանցվել են 4.4-2.8 մագնիտուդով երկրաշարժեր: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6…3-4 բալ: Երկրաշարժերը զգացվել են Շիրակի, Լոռու Տավուշի, Արագածոտնի մարզերում:

«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանն ասում է՝ այս օրերի ընթացքում ընդհանուր առմամբ 50 հետցնցում է տեղի ունեցել նույն տարածաշրջանում: «Հետցնցումը նույնպես երկրաշարժ է: Դրանք, սակայն, բնակչությունը կարող է չզգալ, այն, ինչ զգալի է եղել, պաշտոնական հաղորդագրություն տարածվել է: Տեղի է ունենում երկրաշարժ, դա համարվել է ցնցում, որին հետևում են համեմատաբար թույլ ցնցումներ: Մեր մոնիթորինգը ցույց է տալիս, որ այս պահին անհանգստանալու բան չունենք»,- «Մեդիալաբին» ասում է Մարգարյանը:

Նրա խոսքով՝ միջազգային դասակարգմամբ այս երկրաշարժը համարվում է թույլ: Մասնագետը երկրաշարժերը մեր տարածաշրջանին բնորոշ երևույթ է համարում: «Մենք ապրում ենք այնպիսի գոտում, որը սեյսմաակտիվ է, հատկապես Ջավախքը սեյսմաակտիվ գոտի է, այդ իսկ պատճառով երկրաբանական ցնցումներ են գրանցվում: Երկրաշարժեր եղել են և լինելու են»,- նշում է Սոս Մարգարյանը:

Եղանակային պայմանները, ըստ նրա, կապ չունեն ակտիվ երկրաբանական ցնցումների հետ: «Սեզոնը կապ չունի, եթե կհիշեք՝ փետրվարին էլ մի քանի անգամ երկրաշարժեր եղան, եղանակն ի՞նչ կապ ունի: Բացառվում է, որ եղանակն ազդի երկրաշարժի առաջացման վրա: Հիշեք մի բան՝ երկրաշարժը տեղի է ունենում որոշակի խորության վրա, այդ պարագայում եղանակն ի՞նչ կապ ունի այդ խորության մեջ»,- ընդգծում է Սոս Մարգարյանը:

Նկատենք, որ վերջին օրվա երկրաշարժերը տեղի են ունեցել օջախի 10 կմ խորությամբ:

Ինչ վերաբերում է երկրաշարժը կանխատեսելուն, ապա մասնագետն ասում է, որ դա բարդագույն խնդիր է, որի լուծումը նույնիսկ չի նշմարվում: «Երբ ասում են՝ կանխատեսեք երկրաշարժը, սպասում են, ենթադրենք՝ կասվի՝ այսինչ օրը, այսինչ ժամին տեղի կունենա երկրաշարժ: Դա բարդագույն խնդիր է: Երբ մենք հաղորդագրություն ենք տարածում, այն, ինչ հնարավոր է ասել, այն, ինչ ժողովրդին անհանգստացնում է, կա այդ հաղորդագրությունների մեջ: Երբեք չհավատաք, երբ ասեն՝ այսինչ օրը, այսինչ ժամին երկրաշարժ է լինելու: Եթե նման բան ասեն, ապա իմացեք, դրա մեջ շառլատանության մեծ բաղադրիչ կա»,- նշում է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am