Թբլղուում վերաբնակեցվել է 3 ընտանիք. համայնքապետն անդրադառնում է գյուղի առօրյային ու խնդիրներին

ԱՀ Մարտակերտի շրջանի Թբլղու համայնքն ունի 125 բնակիչ. պատերազմից հետո բոլորը վերադարձել են գյուղ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Թբլղուի համայնքապետ Էդիկ Մարկոսյանը:

«Համայնքում վերաբնակեցվել է 3 ընտանիք՝ 15 հոգով: Գյուղում դպրոց չունենք. 27 աշակերտներ դպրոց են հաճախում հարևան Քոլատակում, գյուղի ուսուցիչները ևս Քոլատակի դպրոցում են դասավանդում: Մանկապարտեզ նույնպես չունենք: Համայնքում գործում են համայնքային կենտրոն, բուժկետ, ակումբ, հանդիսությունների սրահ, որոնց շենքերը վթարային վիճակում են: Գյուղամիջյան և գյուղը մայրուղուն կապող ճանապարհը գտնվում են անմխիթար վիճակում: Գյուղն ապահովված է էլեկտրաէներգիայով, ջրամատակարարմամբ, գազաֆիկացված չէ: Պատերազմի ընթացքում, բարեբախտաբար, տներ չեն ավերվել»,- նշեց Է. Մարկոսյանը:

Նա ցավով տեղեկացրեց, որ պատերազմի ընթացքում գյուղը տվել է 1 զոհ, 2 համագյուղացի էլ մարտական գործողությունների ժամանակ վիրավորվել է։ Խոսելով բնակիչների զբաղվածության և նրանց ապագա ծրագրերի մասին՝ մեր զրուցակիցը նշել է, որ բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ, հողագործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ։