Մարտակերտում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրգործն ընդունվել է վարույթ. ԱՀ ՔԿ

Արցախի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ է ընդունվել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևի կողմից ԱՀ պետական սահմանն ապօրինի հատելու, ԱՀ Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի համար 12 տան անչափահաս բնակիչներին սպանության սպառնալիքներ տալու և լրտեսության դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի, 350-րդ հոդվածի 1-ին մասի և 135-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը։ Ջ. Բաբաևը ձերբակալված է։

Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ինչպես տեղեկացնում են ԱՀ քննչական կոմիտեից, նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին ԱՀ Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի մի բնակարանում հայտնաբերվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը։ Նույն օրը վերջինս բերման է ենթարկվել ԱՀ ազգային անվտանգության ծառայություն: