Հայաստանում անցկացված հարցման արդյունքներով ամենաբարձր գնահատականն է
ստացել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` 3.7 բալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մարտի 31 կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:
Նավասարյանը նշեց, որ քաղաքացիներին խնդրել են գնահատել հետևյալ գործիչների հանդեպ իրենց վերաբերմունքը, որտեղ 1 բալը նվազագույն գնահատականն է, 5-ը՝ ամենաբարձր գնահատականը, ներկայացված է միջին գնահատականը:
«Ամենաբարձր գնահատականը ստացել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ 3.7 բալ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է 2.7 բալ, նախագահ Արմեն Սարգսյանը՝ 2.4 բալ , ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2.1 բալ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը 2.1 բալ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը 1.9 բալ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը1.6 բալ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը 1.5 բալ, «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը 1.5 բալ: 1.4 բալ ստացել է «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը»,- ասաց Նավասարդյանը: