Հայաստանի իշխանությունը ունի լեգիտիմություն և կարիք չունի քաղաքական ճնշումներ կիրառել ընդդիմախոսների նկատմամբ. Հովիկ Աղազարյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն անընդունելի է համարում ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանի հայտարարությունները, թե իրեն ծեծի ենթարկելու պատվերը տրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից:

«Դա անընդունելի հայտարարություն է»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ընդդիմադիր գործչի հայտարարությանն այսպես է արձագանքում իշխանական պատգամավորը:

Ընդդիմադիր հայացքներով հայտնի քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու մասին հայտարարվել էր այսօր առավոտյան:

Նրա ներկայացմամբ՝ բռնություն գործադրած անձինք դարանակալած սպասել են իրենց տան մոտ, ապա, հարմար առիթից օգտվելով, հարձակվել իր վրա։ Ծեծի հետևանքով նա տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ մի քանի ժամ բուժօգնություն ստանալուց հետո դուրս գրվել: Դեմքին կապտուկներ չկան, սակայն գլխի վրա հարվածների հետևանքով մի քանի կար է դրվել:

«Կար են դրել գլխիս շրջանում: Սալջարդեր, վնասվածքներ կան, բայց ստացիոնարի անհրաժեշտություն չկա. տանը ավելի հարմար կլինի մնալը: Դեպքը տեղի է ունեցել մեր շենքի բակում՝ առավոտյան, երբ վարսավիրանոցից վերադառնում էի տուն: Երկու հոգի դարանակալել էին ու ինձ էին սպասում, ակնհայտորեն հետևել են իմ շարժին, գործողություններին: Նրանց նկատել եմ, անգամ բարևել եմ՝ մտածելով, որ շենքի բնակիչներ են, որից հետո անմիջապես հարձակվեցին ու սկսեցին հարվածներ հասցնել՝ հատկապես գլխիս: Չհասցրեցի անգամ դիմադրություն ցույց տալ, անմիջապես գցեցին գետնին: Նրանց մտադրությունը ակնհայտ սպանելն էր: Ասացի՝ սպանում եք ինձ, այդ ի՞նչ եք անում, և միայն այն ժամանակ, երբ անշարժացա, թողեցին ու հեռացան: Երկու հոգի են եղել. մեկը՝ մորուքով, բայց չեմ կարծում՝ Նիկոլ Փաշինյանը լիներ, կարծում եմ՝ ինքը պատվիրել է, անձամբ դժվար դա աներ»,- դեպքը ներկայացրել է Ղազարյանը:

Նաև ասել է, որ իրեն ծեծելու ընթացքում որևէ պահանջ չեն ներկայացրել: «Որևէ մեկի հետ կենցաղային խնդիր կամ վիճաբանություն չեմ ունեցել, ակնհայտ է, որ սա պայմանավորված է բացառապես իմ քաղաքական գործունեությամբ՝ ֆիզիկապես ոչնչացնելու մտադրությամբ»,- նշել է նա:

Հովիկ Աղազարյանն ասում է՝ Էդգար Ղազարյանին ու նրա հայտարարություններին լուրջ չի վերաբերվում. «Ես որքան շփվել եմ պարոն Ղազարյանի հետ, որքան հետևել եմ նրա ելույթներին, գրառումներին, պահվածքին, կարող եմ ասել, որ նա մտավոր խնդիրներ ունի, հետևաբար անիմաստ է նրա հայտարարություններին անդրադառնալը, դրանք մեկնաբանելը»:

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանի իշխանությունը ունի լեգիտիմություն և կարիք չունի քաղաքական ճնշումներ կիրառել ընդդիմախոսների նկատմամբ:

«Այսօրվա իշխանության միակ զենքը ժողովրդավարությունն է, քաղաքացու ազատությունը և արդարությունը, այդ զենքով ու այդ արժեհամակարգով է իշխանությունը շարունակում վայելել ժողովրդի վստահությունը: Ցանկացած նման դրսևորում բիծ կթողնի այդ արժեհամակարգի վրա, ինչի հետևանքով իշխանությունն այն ուժը չի ունենա, որն այսօր ունի: Կատարվածը իշխանությանը ձեռնտու չէ»,-ասում է իշխանական պատգամավորը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am