ՌԴ Անվտանգության խորհուրդը կազմում է օտարերկրյա գործակալների ու անցանկալիների ցուցակ

Ռուսաստանի իշխանությունների կողմից օտարերկրյա գործակալներ և անցանկալի ճանաչված կազմակերպությունների և անձանց ցուցակները պատրաստվում են երկրի Անվտանգության խորհրդի կողմից և քննարկվում ամենշաբաթյա նիստերում: Այս մասին հայտնում է Meduza-ն՝ հենվելով իր քաջատեղյակ աղբյուրների վրա

Առաջին անգամ այսպես կոչված օտարերկրյա ազդեցությունների դեմ պայքարը ձևակերպվեց կոնկրետ որոշումների տեսքով Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում դեռևս 2015 թ-ի հուլիսին, պնդում է խմբագրության զրուցակիցներից մեկը:

Անվտանգության խորհրդի նախագահն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Խորհրդի կազմում են բոլոր ուժային կառույցների ղեկավարները, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը և այլ կարևոր պաշտոնյաներ:

Որևէ կազմակերպության կարգավիճակի փոփոխությունը օտարերկրյա գործակալի կամ անցանկալիի պահանջում է հավելյալ ընթացակարգ ու մի շարք գերատեսչությունների համաձայնեցված գործողություններ:

Մեդուզայի փորձագետների կարծիքով, Անվտանգության խորհուրդը կարող է դիտարկվել որպես ԽՍՀՄ Կոմկուսի կենտրոնական կոմիտե՝ մարմին, որն իրականում ղեկավարել է Խորհրդային Միությունը: Այստեղ օժանդակ դեր են խաղացել նույնիսկ հատուկ ծառայությունները:

Խորհրդի դերը մեծանում է Ղրիմի բռնակցումից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշեց «վերջ տալ հետմոդերնիստական խաղերին» և «վերադառնալ խորհրդային մոդելին», – ասում է թերթի փորձագետներից մեկը: Մեկ ուրիշը նշում է, որ ԶԼՄ -ների և ՀԿ -ների դեմ պայքարի ակտիվացումը կարող է հրահրված լինել բելառուսական իրադարձություններով: «Նրանք այլևս չեն վախենում Հաագայից», – ամփոփում է նա:

Մայիսին Մեդուզան հաղորդեց, որ Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է օտարերկրյա լրատվամիջոցների «արգելափակման» հարցը, որով կսահմանափակվի ռուսերեն լեզվով հրապարակվող օտար ԶԼՄ-ների հասանելիությունը ռուսաստանցիներին:

Մեդուզան Ռուսաստանում ճանաչվում է որպես օտարերկրյա գործակալ: Խմբագրությունը փորձում է բողոքարկել դատարաններում այս կարգավիճակը:

Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը: