ՀՀ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել:
Ինչպես տեղեկացնում են Ազգային ժողովից, ուղերձի մեջ, մասնավորապես, նշված է.
«Սիրելի’ աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ եւ ուսումնական գործընթացի հետ կապ ունեցող մասնագետներ, շնորհավորում եմ Գիտելիքի օրվա առթիվ:
Գիտելիքն ու կրթությունն անվիճելի առաջնահերթություններ են, իսկ ինքնակրթությունը` չընդհատվող գործընթաց:
Կրթության պատասխանատուների ջանքերը թող ուղղված լինեն հայրենասեր, բարեկիրթ եւ բազմակողմանի զարգացած քաղաքացի կերտելուն:
Տեղեկատվական տեխնոլոգիայի դարում գիտելիքը փոխարինվում է լրահոսով, ակադեմիական կրթությունը` պարզեցված այլընտրանքներով: Համբերատար, շրջահայաց աշխատանքի, անհատական ջանքի արդյունքում է միայն հնարավոր կայուն գիտելիքի սերմանումը, կուտակած փորձի փոխանցումը:
Այսօր, ավելի քան երբեւէ, մեր երկրին անհրաժեշտ են սովորող եւ կրթությունը գնահատող աշակերտներ, մոտիվացված եւ մրցունակ ուսանողներ:
Ուսումնական տարվա հաջող մեկնարկ եմ մաղթում, համավարակը թող չստվերի ուսումնառության ընթացքը»: