«Մուդիս»-ը վերահաստատում է Հայաստանի տնտեսական աճի կայուն հեռանկարը. Տիգրան Խաչատրյան

Հայաստանի կառավարությունում մեկնաբանել են «Մուդիս» վարկանիշային կազմակերպության հրապարակած հերթական զեկույցը, որով Հայաստանին տրված վարկանիշը մնացել է նույնը՝ ընթացիկ վարկանիշը սահմանելով Ba3, իսկ հեռանկարը՝ կայուն։

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն, անդրադառնալով զեկույցին,  նշեց՝ հաշվի առնելով, որ «Մուդիս»-ի կողմից նախորդ գնահատումը կատարվել էր 2019 թվականին, որից հետո 2020-ին COVID-ի համավարակի տարածման և պատերազմական գործողությունների հետևանքով Հայաստանի տնտեսության համար ի հայտ են եկել էական տնտեսական ռիսկեր, այս գնահատմամբ արձանագրվում է նման ռիսկերի նկատմամբ Հայաստանի տնտեսության դիմակայունության բարձրացումը։

Նախարարի խոսքով՝ ընդգծվում է, որ Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականությունն այդ տեսանկյունից արդյունավետ է։

«Նշվածը շատ կարևոր ազդակ է միջազգային ներդրողների համար, քանի որ վերահաստատում է Հայաստանի տնտեսական աճի կայուն հեռանկարը և կառավարության տնտեսական քաղաքականության բարենպաստությունը ներդրումների համար։ Այն ընդգծում է նաև Հայաստանի բարձր տնտեսական աճի սպասումների և կառավարության հարկաբյուջետային կարողությունների վերականգնման վերաբերյալ «Մուդիս»-ի կանխատեսումը»,- ասաց Տիգրան խաչատրյանը՝ ավելացնելով, որ հրապարակման մեջ կարևոր տեղ են գրավում պետական պարտքի կառավարմանն առնչվող հարցերը։

«Չնայած 2020 թվականի արդյունքներով կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշն աճել է և կազմել 63,5 տոկոս, «Մուդիս»-ն այս զեկույցով ընդգծում է, որ կարևորում է առաջիկա 5 տարիների ընթացքում հիշյալ ցուցանիշը 60 տոկոսից նվազեցնելու վերաբերյալ Հայաստանի կառավարության քաղաքականությունը։ «Մուդիս»-ն ընդգծել է այն գործոնները, որոնք կարող են նպաստել Հայաստանի վարկանիշի հետագա բարձրացմանը։ Դրանք են՝ տնտեսության մրցունակության բարձրացմանը և կառավարման ինստիտուտների արդյունավետությանն ուղղված բարեփոխումների արագացումը, ընթացիկ հաշվի պակասուրդի բարելավումը, այդ թվում՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների միջոցով, հարևան երկրների հետ հարաբերությունների լարվածության թուլացումը։ Զեկույցի հրապարակումը նաև կարևոր է այն տեսանկյունից, որ դրանում ընդգծված հարցերը վերահաստատում են կառավարության գործունեության ծրագրում տեղ գտած քաղաքականությունների մեծ նշանակությունը՝ Հայաստանի տնտեսական զարգացման բարձր և կայուն արդյունքները երաշխավորելու հարցում»,- ասաց Տիգրան Խաչատրյանը։