Արցախի Հանրապետության ԱԳՆ-ում տեղադրվել է 44-օրյա պատերազմում զոհված Երվանդ Հաջիյանի հուշատախտակը

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունում սեպտեմբերի 3-ին տեղի է ունեցել  Արցախյան երրորդ պատերազմում նահատակված  ԱԳՆ Սփյուռքի բաժնի պետ Երվանդ Հաջիյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման արարողությունը։

«Երվանդ Հաջիյանին Արցախում գիտեն որպես հայրենասեր, պարկեշտ անձնավորություն, ով բարձր արհեստավարժությամբ է կատարել իր աշխատանքային պարտականությունները, ապրել է հայրենիքի հոգսերով ու խնդիրներով»,- իր խոսքում նշել է ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:  

Տոկունություն և համբերություն մաղթելով Երվանդ Հաջիյանի ընտանիքի անդամներին և հարազատներին՝ նախարարն ընդգծել է, որ հայրենիքի նվիրյալների հիշատակը միշտ վառ կմնա հայրենակիցների սրտերում։